News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի տարբեր վարչական շրջաններում բնակիչների դռներն են թակում տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ եւ հարցնում անուն, ազգանուն, գրանցում անձնագրային տվյալներ եւ հետաքրքրվում, թե ում են ընտրելու մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Իսկ երբ լսում են ոչ իրենց ներկայացրած կուսակցության անվանումը, հուսահատ մի փորձ են անում` խնդրելով բնակիչներին հնարավորություն տալ մտնել տուն, զրուցել նրանց հետ: Այս մասին NEWS.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից: Մարդկանց տան դռները թակողները նաեւ տարբեր տեսակի խոստումներ են տալիս, ընդհուպ մինչեւ գումարային տեսքով ընտրակաշառքների մասին:

«Ոնց որ «Եվհովայի վկաներ» լինեն, դրանցից էլ բեթար են, նրանք դեռ կուլտուրական են, որ ասում ես` չէ, հասկանում են, սրանք շատ համառ են, ամեն գնով ուզում են ներս գան, համոզեն»,- բարկացած պատմեց մեր ընթերցողներից 40-ամյա Լյուդմիլան:

NEWS.am-ն ահազանգեր ստացել է նաեւ մարզերից: Այնտեղ եւս մեկնարկել են դռներ թակելու, հեռախոսազանգերով մարդկանց քաղաքական կողմնորոշումները ճշտելու, նաեւ անձնագրի տվյալներ հավաքելու մարաթոնը: Ավելին, նախընտրական շտաբները արդեն ձեռնամուխ են եղել Երեւանում սովորող մարզերի ուսանողներին իրենց իսկ տրամադրած ավտոբուսով մայիսի 6-ին մարզ տեղափոխելու գործի կազմակերպմանը, որպեսզի նրանք մասնակցեն ընտրության:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բնակիչները բոլոր իրավական հիմքերը ունեն իրենց անկոչ հյուրերին ներս չթողնելու, հարցերին չպատասխանելու, առավել եւս` անձնագրային տվյալները չտրամադրելու եւ ընտրելիք թեկնածուին կամ կուսակցությանը չբացահայտելու համար:

«Այստեղ անձի անձեռնմխելիության խնդիր կա, որ չի կարելի մուտք գործել անձի բնակարան առանց դատարանի թւոյլտվության, որեւէ ընտրող պարտավոր չէ բացահայտել իր քաղաքական կողմնորոշումները, քվեարկության գաղտնիության սկզբունք կա, առավել եւս` անձնագրային տվյալները վերցնելու, տվյալ ընտանիքում ընտրողների քանակը ճշտելու իրավասություն ոչ ոք չունի»,- նշեց իրավաբանը, հավելելով, որ չկա որեւէ ատյան, որին քաղաքացին հնարավորություն կունենա դիմել «կուսակցություններից» իրեն պաշտպանելու համար:

«Նախընտրական քարոզչությունը դեռ չի մեկնարկել, հետեւաբար որեւէ թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի չես կարող մեղադրել նախընտրական քարոզչության սահմանված կարգը խախտելու համար: Դա չի կարող լինել նաեւ նախընտրական շրջանում, որովհետեւ թեկնածուների համար հավասար հնարավորություններն ես խախտում, մյուս կողմից` ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործություն է տեղի ունենում»,- նշեց նա:

Ի դեպ, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը սահմանված է Քրօրի 154.2 հոդվածով, որում նշվում է, որ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը` (տալը) պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով (տալու դեպքում` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով)»:

Իսկ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետում նշվում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Նշենք, որ ընտրարշավը մեկնարկում է ապրիլի 8-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին:

Տպել
Ամենաշատ