News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում, փետրվարի 29-ի առավոտյան սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի մահվան գործով կալանավորված «Եղնիկներ» զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանից բացի, կալանավորվել են նաեւ նույն զորամասի կրտսեր սերժանտներ Էրիկ Սարգսյանը եւ Գեւորգ Մանուկյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, հավելելով, որ Էրիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինվորական կանոնագրքի խախտում) եւ խափանման միջոցը մարտի 7-ին ընտրվել է կալանքը:

Գեւորգ Վիրաբի Մանուկյանին էլ մեղադրանք է առաջադրվել մարտի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն): Վերջինս կալանավորվել է մարտի 13-ին:

Ի դեպ, որոշ շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, թե սպանության պատճառը սպանությունից առաջ Տիգրանին ուղարկված «տուլիկն» է եղել, որտեղ իբր, թե 60 հազար դրամ գումար է եղել:

Տիգրանի մորաքրոջ աղջիկը` Թամարան չի հավատում դրան: «Ես անձամբ չեմ հավատում տարբեր վարկածների, մինչեւ փաստացի ապացույցներ չլինի: Սպանությունից առաջ ծանրոց, իսկապես, ուղարկել են, բայց 60 հազար դրամ չեն ուղարկել եւ ես չեմ հասկանում, թե դա որտեղից են վերցրել եւ ինչ 60 հազար դրամի մասին է խոսքը: Ավելին` գումար առհասարակ չեն ուղարկել»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ Թամարայի փոխանցմամբ, Տիգրան Վարյանի մահվանից հետո նրա հայրը եւ եղբայրը քայլեր են ձեռնարկել պարզելու համար, թե որն է եղել Տիգրանի սպանության պատճառը, սակայն ոչ մի պատասխան չի հաջողվել ստանալ: Հարազատների հարցերին ի պատասխան ասել են, որ հետաքննություն է ընթանում եւ միայն դրա ավարտից հետո հանգամանքները պարզ կդառնան: «Սպասում ենք իրենց պատասխանին եւ դատավարությանը: Ծնողներն, անպայման, ցանկանում են, որ ճշմարտությունը պարզվի եւ ոչ մի զիջումներ չի լինելու»,- նշել էր Թամարան, հավելելով, որ այս պահի դրությամբ, միանշանակ չեն կարող ասել` ձերբակալված անձն իսկապես մեղավո՞ր է, թե` ոչ:

NEWS.am-ը հայտնել էր նաեւ, որ 19-ամյա Տիգրան Վարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով` մարտի 3-ին ՀՀ Քր.Օ.ր 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը: Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով Տիգրանի ծնողների առաջարկով մասնակցել էր նրա դիահերձմանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Տիգրանին հրազենով սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել. զինվորը վնասվածքներն ստացել է մահվանից անմիջապես առաջ: Նրա խոսքով, Տիգրանի դեմքի վրա առկա են եղել բռնության հետքեր: «Քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ։ Վերջին վնասվածքը հուշում է այն մասին, որ զինվորին սպանելու պահին զինվորը փորձել է դիմադրել, բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին` Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց հետո անմիջապես սպանել են»,-ասել էր նա:

Ռուբեն Մարտիրոսյանը երկար տարիների փորձագետ լինելով հանդերձ ազդված էր այս դեպքից. «Շատ դժվար է արյունը լվանալուց հետո, ծեծի արդյունքում սպանված 19-ամյա երիտասարդին տեսնել ցինկի վրա, ով դեռ պետք է ընտանիք ստեղծեր, երջանկանար եւ երջանկացներ իր ընտանիքին: Ավելին, եթե հնարավորություն ունենաք գնալ այդ զորամաս, համոզված եմ, որ կտեսնենք ծեծված եւ խոշտանգված զինվորների, որոնց ասում են ստորագրի այ այստեղ, իսկ թե ինչ են ստորագրելու` այդ զինվորներն էլ չգիտեն: Այսինքն` մի խեղճ ու կրակի կգտնեն ու այդ սպանությունը կջարդեն նրա վրա, որովհետեւ Հայաստանում չկա օրենք, օրինականություն եւ արդարադատություն»,-ասել էր նա:

Հիշեցենք նաեւ, որ ըստ ԼՂՀ ՊԲ վարկածի, նախնական տվյալներով, Տիգրան Վարյանն սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից:

Նշենք, որ Տիգրան Վարյանը Աբովյանի բնակիչ է եւ զորակոչվել էր 2011թ-ի առաջին զորակոչին` Կոտայքի զինկոմիսարիատից: NEWS.am-ը զրուցել էր նաեւ Տիգրան Վարյանի մորաքրոջ աղջկա` Թամարայի հետ, ով նշել էր. «Ոչ ոք չի հավատում ինքնասպանությանը: Տիգրանի եղբայրը, ով մեկ տարով է մեծ իրենից, մեկ տարի նույն զորամասում միաժամանակ ծառայել է եղբոր հետ: Իսկ եղբոր զորակոչվելուց մոտավորապես 2 ամիս հետո այդ դեպքն է տեղի ունեցել:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

Տպել
Ամենաշատ