News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի գրեթե բոլոր գյուղերում արդեն ձեւավորված նախընտրական շտաբներ կան, որոնց մեծ մասը պատկանում են Հանրապետական կուսակցությանը: Նշենք, որ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցություններից բացի, այլ կուսակցությունների պատկանող նախընտրական շտաբներ Լոռիի մարզի գյուղական համայնքներում գրեթե չկան: Թվով 5 տարածաշրջանների տարբեր գյուղական համայնքների գյուղապետերի հետ զրույցում վերջիններս NEWS.am-ի Լոռիի թղթակցին փոխանցեցին, որ գյուղական համայքներում ընտրությունների մասնակցությունն այնքան էլ ակտիվ չէ:

Մարզի Գուգարքի տարածաշրջանի Արջուտ գյուղում միայն ՀՀԿ նախընտրական շտաբ կա, որը բացվել է մարտի 22-ին: Համայնքը 1500 բնակիչ ունի, որոնցից էլ ընտրողներ են համարվում 755-ը, մինչդեռ գյուղապետ Վարդան Մկրտչյանը, ով ի դեպ Դաշնակցության անդամ է, նշեց, որ ընտրություններին կմասնակցեն ոչ ավելի, քան 400 հոգի: Նույն տարածաշրջանի մեկ այլ` Ձորագյուղ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանն էլ ասում է, որ առաջիկա ընտրություններին իրենց համայնքից քիչ թվով ձայներ կգնան, քանի որ 289 ընտրողներից մոտ 100-ը բացակայում են երկրից, մնացածի էլ հազիվ կեսը կուզենան մասնակցել: Ձորագյուղ համայնքում եւս նախընտրական շտաբ ունի միայն Հանրապետական կուսակցությունը:

Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր համայնքում ԲՀԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ շտաբ ունի, իսկ այս ամիս արդեն ձեւավորվել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը եւս: Գյուղապետ Միքայել Ֆրանգյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համայնքի մոտ 1000 ընտրողների մեծ մասը հենց Հանրապետական կուսակցության կողմնակից են:

Լոռիի մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով համայնքում եւս այս ամիս, մոտ 15 օր առաջ է բացվել դեռեւս միակ` ՀՀԿ նախընտրական շտաբը: Ի տարբերություն մյուս գյուղապետերի, Չկալովի գյուղապետ Վիլեն Շաքարյանը, ով նույնպես ՀՀԿ անդամ է, պնդում է, որ իրենց բնակիչները բավականին ակտիվ են ընտրությունների ժամանակ: Այստեղ 210 բնակչից 129-ն են համարվում ընտրողներ: Նույն տարածաշրջանի Մեծ Այրում համայնքը միակն է, որտեղ շտաբներ ձեւավորված չկան, նշում է անկուսակցական գյուղապետ Պապիկ Առուշանյանը, հավելելով, որ ինքը կուսակցական չէ, պարզապես ՀՀԿ-ի համախոհն է:

Տաշիրի տարածաշրջանի Նովոսելցովո գյուղում, համայնքապետ Ռուբեն Դավոյանի փոխանցմամբ, 10 օր առաջ է բացվել ՀՀԿ նախընտրական շտաբը, այլ կուսակցությունների շտաբներ չկան, ինքը գյուղապետը եւս ՀՀԿ անդամ է, ու գրեթե համոզված, որ բնակիչներն էլ կողմնակից են Հանրապետական կուսակցությանը: Այս համայնքում ընտրողները 122-ն են:

Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր եւ Գոգարան գյուղերում միաժամանակ կան ՀՀԿ եւ ՕԵԿ նախընտրական շտաբներ: Գոգարանի համայնքապետ Արթուր Գալոյանն անկուսակցական է, իսկ Լուսաղբյուր համայնքի գյուղապետ Մանվել Խաչատրյանը հարցին, թե ո՞ր կուսակցության անդամ է, պատասխանեց. «Ըստ Ձեզ էլ ո՞ր, պարզ չէ՞… ՀՀԿ»: Այս համայնքում, ըստ գյուղապետ, 780 ընտրողներից առաջիկա ընտրություններին կմասնակցեն մոտ 600-ը:

Հավելենք, որ նշված բոլոր համայնքների գյուղապետերը չեն հիշում, թե վերջին անգամ որ կուսակցությունից են այցելել իրենց, կամ ինչ խնդրի լուծման համար:

 

Էդվարդ Արզումանյան

 

Տպել
Ամենաշատ