News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում IT, բանկային ոլորտների մասնագետները եւ մատուցողները, շինարարական աշխատանքով զբաղվողները` գաջ, սվաղ անողները, «աբլիցովշիկները», «կաֆելչիկները», «պարկետչիկները» նույն աշխատավարձն են ստանում: NEWS.am-ը փորձել է պարզել, թե որոնք են Հայաստանում ամենաբարձր եւ ամենացածր վարձատրվող աշխատանքները եւ մասնագիտությունները: Քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նման վիճակագրություն չկա, իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներում նշվում են առանձին ոլորտների աշխատավարձերը, փորձեցինք հենց աշխատանքի տեղավորման գործակալություններից ճշտել, թե որ աշխատանքներն են ամենաշատ եւ ամենաքիչ վարձատրվողները:

Այսպես, Accept աշխատանքի տեղավորման գործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ամենաբարձր վարձատրվող աշխատանքը միջազգային կազմակերպություններում է, մասնավորապես` 1-2 միլիոն դրամ աշխատավարձ ստանում են IT ոլորտում, իսկ ֆինանսական ոլորտում ստանում են մինչեւ 1 միլիոն դրամ աշխատավարձ: Իսկ «Տնակ» գործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ամենաբարձրը վարձատրվում են մասնագիտական շինարարական աշխատանքները` գաջ, սվաղ անողները, «աբլիցովշիկները», «կաֆելչիկները», «պարկետչիկները», ովքեր ամսական ստանում են 3000-5000 դոլար աշխատավարձ»: Շատ բարձր են վարձատրվում նաեւ մատուցողները եւ գիշերային ակումբի պարուհիները` օրական 20-30 հազար դրամ, խոհարարները, բարմենները, խմորեղենի տեխնոլոգներն ու հարուստների տները մաքրողները` օրական ավելի քան 10 հազար դրամ:

Հաջորդ բարձր վարձատրվող աշխատանքը հաշվապահներին է` ամսական մինչեւ 600 հազար դրամ աշխատավարձ, իսկ տնօրենների օգնականներն եւ ցանցային ադիմինիստրատորները` 300-400 հազար դրամ. վաճառքի ոլորտում եւս աշխատավաձերը սկսվում են 200 հազար դրամից:

«Արս» աշխատանքի տեղավորման գործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մենեջերները ստանում են ավելի քան 230 հազար դրամ, իսկ անվտանգության պետերը, վարորդներն ու թիկնապահներն ստանում են 200-300 հազար դրամ: Ըստ «Never give up» գործակալության տվյալների` հաջորդ հորիզոնականում իրավաբաններն են` մինչեւ 200 հազար դրամ: Մինչեւ 150 հազար աշխատավարձ ստանում են լեզվի մասնագետները եւ գործավարները:

Իսկ ամենացածր վարձրատրվող աշխատանքները, ըստ վերոնշյալ գործակալությունների տվյալների, գովազդային գործակալներինը, բուկլետ բաժանողներին ու հավաքարարներին է` օրական մոտ 2000 դրամ, ինչպես նաեւ ատամնաբուժարանի բուժքույրերը, պահակային ծառայություներում աշխատողները` ամսական 35 հազար դրամ: Շատ ցածր են վարձրատրվում վաճառողուհիները, եթե նրանք նախկինում օրական ստանում էին 3500-4000 դրամ, ապա այժմ` 2000-2500 դրամ: Ինչ վերաբերում է լրագրողի աշխատանքին, ապա աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցներից մեկն ասաց. «12 տարվա գործակալություն եմ, մեկը չի եկել ասել լրագրող եմ ուզում, էդ ի՞նչ մասնագիտություն է, որ ուզեն»:

Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի տվյալների` 2011թ ամենաբարձր աշխատավարձը հանքարդյունաբերության, տեղեկատվության եւ կապի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում է` ավելի քան 300 հազար դրամ, իսկ ամենացածր վարձատրությունը մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, հանրային սննդի եւ առեւտրի ոլորտում է` մինչեւ 100 հազար դրամ:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ