News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների կոմիտեի աշխատակիցների կողմից վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարվել ժամանակին եւ պատշաճ, իսկ աշխատանքները արդյունավետ չեն կազմակերպվել:

• Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձեւով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող եւ ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները:

• Համակարգի աշխատանքներում դեռեւս համատարած չի եղել հաստատված վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային եւ մաքսային ծառայողների կողմից:

• Մաքսային միջնորդների եւ տնտեսվարող սուբյեկտների համար  ՊԵԿ-ի կողմից տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: Արդյունքում,  դեռեւս ցածր է  տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման գործընթացի մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների համար:

• «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները (06.12.2011թ.) որոնք ընդունվել են հապճեպ եւ առանց հանրային քննարկման, գնահատվում են բացասական: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ հետեւողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու, եւ դրանք ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտցնելու եւ կիրառելու հարցում:

Արձանագրված դրական զարգացումները

• Հարկային եւ մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգին (ՌՉՍՀ), իսկ վերջինս էլ ավտոմատացվել է:

• 2011 թվականին Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկել հնարավորինս բացառելու հարկատու-տեսուչ շփումը՝ փոխարենը ներդնելով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների համակարգը:

• Բարեփոխվել է հարկ վճարողների սպասարկման կազմակերպումը՝ գործարկելով ՊԵԿ համակարգում հարկ վճարողների սպասարկման կենտրոնները եւ սրահները, հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը, տեղեկատվական տերմինալները, ինչպես նաեւ ՊԵԿ ուսումնական կենտրոնը:

• Պարզեցվել է հարկային եւ մաքսային օրենսդրությունը ՓՄՁ-ների համար` բարենպաստ հարկման ռեժիմների ներդրմամբ եւ հաշվետվությունների քանակի ու պարբերականության օպտիմալացմամբ:

• Ապահովվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը եւ ՀԴՄ-ների կտրոնների ստացման մշակույթի ներդրումը:

• Մաքսային վարչարարության բնագավառում ներդրվել է TWM հայտարարագրման ավտոմատ համակարգ, որն ուղղված է մաքսային ձեւակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի կրճատմանը, մաքսային հսկողության արդյունավետությանը:

• Կրճատվել է մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ ժամանակը, մաքսային հսկողության համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը կրճատվել է 5-ով, ներկայումս մաքսային ձեւակերպումների ժամանակ պահանջվում է 3 փաստաթուղթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ