News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Բնապահպանության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Մտահոգիչ է եղել մարդու եւ առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: Միայն 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:

• Շարունակվել է Հայաստանում կանաչ տարածքների ոչնչացումը, մասնավորապես՝ անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար, ընդ որում՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման եւ բնապահպանական ազդեցությունների հաշվարկման: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, եւ համապատասխան վարչական վարույթներ չեն  սկսվել:

• Մտահոգիչ է եղել հանքարդյունահանման հետ զուգակցվող եւ շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը թողնող եւս մեկ խնդիր՝  այդ գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնները եւ պոչամբարները: Նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետեւանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր):

• Առանձին դեպքերում Նախարարությունը թերացել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին սահմանված կարգով հասարակությանը իրազեկելու գործընթացը կազմակերպելու ժամանակ: Որոշ դեպքերում էլ հասարակական կառույցների հետ չի քննարկել իրավական ակտերի նախագծերը:

• 2011թ.  ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 36 զանգ: Նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին:

Արձանագրված դրական զարգացումները

• Պահպանվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը եւ Սեւանա լճի հարակից տարածքներում ստեղծվել են հանրային լողափեր:

• Կասեցվել են «Թռչկան» ջրվեժը սնուցող գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները, եւ ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկում`  որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան:

• Մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվել են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ