News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` մարտի 29-ին, ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության  ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր դատախազը հավաստել  է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճ գրանցման ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:  Ա.Հովսեփյանը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել  է 10 դատախազ, որի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ,  այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով  հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ  մամուլի հրապարակումները»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով. «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»: Տեղեկացնելով, որ   ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցակազմ՝  ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք հայտնեց, որ ստեղծված մեխանիզմը հնարավորություն կտա, որպեսզի ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները դառնան պատշաճ քննարկման առարկա:

Դիտորդական առաքելության ղեկավար Ռ.Շեկերինսկայան իր հերթին կարեւորեց  ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումն՝ արձանագրելով, որ հենց այդ ընթացակարգն է լավագույն վկայությունը, թե որքանով են իշխանությունները հետամուտ եւ պատրաստակամ հարգելու ընտրական իրավունքը եւ անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ: Այս առումով տիկին  Շեկերինսկայան բարձր գնահատեց դատախազությունում ներդրված փորձը եւ հույս հայտնեց, որ այն իրոք կապահովի ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքների պատշաճ արձագանքը:

ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց ոչ միայն հնարավոր ընտրախախտումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալն, այլ նաեւ նախականխիչ քայլերի ձեռնարկումը եւ արձանագրեց, որ այդ ուղղությամբ եւս դատախազությունը ձեռնարկել է որոշ քայլեր:  Մասնավորապես 2012 թվականի մարտի 23-ին կազմակերպվել է գիտագործնական համաժողով՝ իրազեկելով  ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների հետ  քննարկելով օրենսդրական մի շարք խնդիրներ: Եվ վստահեցրեց, որ այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն նաեւ ընտրական ողջ գործընթացի ժամանակ՝ հնարավորինս ապահովվելով ստեղծված աշխատանքի խմբի գործունեության հրապակայանությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ