News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկում են Երեւանի քաղաքապետարանին Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման հարցի շուրջ համատեղ քննարկում կազմակերպել մոտակա տասն օրվա ընթացքում:

Հայտարարության մեջ նշվում է.

«Հետեւելով եւ անմիջական մասնակիցը լինելով Մաշտոցի պուրակում վերջին ամիսների ընթացքում ծավալված իրադարձություններին՝ փաստում ենք, որ.

- Մաշտոցի պուրակի ձեւափոխման եւ բարեկարգման հարցը վերջին ամիսներին հասարակության մեջ մեծ հնչեղություն է ստացել եւ քաղաքացիների, ինչպես նաեւ մասնագետների կողմից բազմաթիվ առաջարկություններ են հնչել` այդ հանրային զբոսայգու բարեկարգման եւ նպատակային օգտագործման վերաբերյալ,

- Մյուս կողմից, անցած շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը սկսել է Մաշտոցի պուրակում բարեկարգման եւ ոռոգման համակարգի տեղադրման ուղղությամբ մի շարք քայլեր ձեռնարկել:

Այդուհանդերձ, մեր դիտարկումների արդյունքում ստիպված ենք արձանագրել հետեւյալը.

- Քաղաքապետարանի բարեկարգման աշխատանքները տարվում են առանց պուրակի ապագա տեսքը կանխորոշող բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային կարծիքը հաշվի առնելու,

- «Կանաչապատում» ՓԲԸ-ն այգու ոռոգման համակարգի եւ բարեկարգման համար փորձում է տեղադրել հնամաշ եւ շահագործման համար ոչ պիտանի խողովակներ, որոնք չեն կարող երկար ծառայել հանրությանը,

- «Կանաչապատում» ՓԲԸ-ն նաեւ չի կարողանում բացատրել բետոնի շրջանակում մնացած ծառերի ոռոգման եղանակը. ըստ էության, բարեկարգման նախագիծը լիարժեք չէ եւ այն անխուսափելիորեն հանգում է տաղավարների շուտափույթ ապամոնտաժման հրամայական խնդրին,

- Եվ վերջապես «Կանաչապատում» ՓԲԸ-ն մի կողմից թանկարժեք շինանյութ է օգտագործում մասնավոր ընկերությունների համար «իբր» ժամանակավոր կրպակների շինարարության համար, իսկ մյուս կողմից հնամաշ եւ անպիտան գույք է օգտագործում հանրային զբոսայգին բարեկարգելու համար: Այս փաստերը լուրջ հարցեր են առաջ բերում կանաչապատման համար հատկացվող Երեւանի համայնքային միջոցների օգտագործման պրակտիկայի շուրջ:

Ելնելով վերոշարադրյալից` առաջարկում ենք հետեւյալը.

- Նախքան Մաշտոցի պուրակում բարեկարգման աշխատանքների իրականացումը հանրային զբոսայգու բարեկարգման ցանկացած նախագիծ այսուհետ ենթակա է հանրային քննարկման` քաղաքացիների եւ մասնագետների առկա եւ մշակվող բազմաթիվ առաջարկներն ու գաղափարները հաշվի առնելու նպատակով: Ուստի, առաջարկում ենք հանրությանը ներկայացնել քաղաքապետարանի կողմից այգու բարեկարգման եւ կանաչապատման համար այս պահին իրագործվող ծրագրի նախագծային փաստաթղթերը, նախահաշվարկները եւ կատարված աշխատանքների կատարողական ակտերի պատճենները:

- Ցանկանում ենք տեղեկանալ նաեւ, թե ով է իրականացնում նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը, քանի որ աշխատանքների իրականացման որակն ակնհայտորեն բավարար չէ:

- Հանրության առջեւ հաշվետվականության եւ թափանցիկության սկզբունքներից ելնելով՝ առաջարկում ենք հանրայնացնել այգու բարեկարգման աշխատանքների իրականացման համար նախատեսվող բյուջեն եւ ֆինանսական հաշվետվությունները:

- Միմիայն քաղաքացիների մասնակցությամբ հանրային այգու բարեկարգման նախագիծը կստանա հանրային լեգիտիմություն, կվերականգնի այգու հանրային գործառույթը եւ կապահովի քաղաքային իշխանության ու հասարակության լայն շերտերի համերաշխությունը` հանրային կանաչ տարածքի տեսքի եւ նպատակային նշանակության շուրջ:

- Առաջարկում ենք վերոհիշյալ հարցերի շուրջ համատեղ քննարկում կազմակերպել մոտակա տասն օրվա ընթացքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ