News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում լայնածավալ աշխատանքներ են տարվում Դիարբեքիրի ցիտադելի վերականգման ուղղությամբ:

Տարիներ շարունակ որպես տաժանավայր ծառայող ցիտադելը այժմ գործելու է որպես թանգարան, The New York Times-ի իր հոդվածում գրում է Սյուզան Գյուսթեն: Նա նշում է, որ քաղաքաբնիկները եւ փորձագետները միանշանակ մոտեցում չեն ցուցաբերում ցիտադելի վերականգման հարցում: «Երբ ինչ-որ մեկին այստեղ էին բերում, մենք համոզված էինք, որ նա այլեւս հետ չի վերադառնա»,-ասել է Դիարբեքիրի բնակիչներից Նեվզեթ Օզգեն:

Իշխանությունների ամբիցիոզ ծրագրերի համաձայն, ցիտադելը պետք է թանգարանի վերածվի, որը պետք է աշխարհին ցուցադրի 8000 տարվա պատմություն ունեցող քաղաքի պատմությունը:

«Սակայն անցյալի մասին մռայլ հիշողությունները կրկին գլուխ են բարձրացրել, երբ փորվածք անելու ժամանակ աշխատողները հայտնաբերել էին մարդու գանգ եւ ոսկորներ` նախկին բանռի պատերի մոտ: Ընդհանուր առմամբ, 38 մարդու մասունքներ են հայտնաբերվել փոսում, որը շղթայված է եւ հսկվում է որպես հանցանքի վայր»,-ասված է հոդվածում:

Նեվզեթ Օզգենն ասում է, որ իր հորը մինչեւ սպանելը պահել են ամրոցում: Նա դիմել է իշխանություններին` խնդրելով ԴՆԹ փորձաքննություն իրականացնեն, բայց դեռ պատասխան չի ստացել:

Տեղի իրավապաշտպանների խոսքով, իրենք բազմաթիվ հարցումներ են ստացել մարդկանցից, ում պապերը 1925-ի քրդերի ապստամբության ժամանակ կորել են:

«Պատմաբանները չեն բացառում, որ մասունքները կարող են 1915-ին սպանված հայերինը լինել»,-ասված է հոդվածում:

Սակայն շինարարությունն ակտիվորեն շարունակվում է, իսկ բացումը նախատեսված է հաջորդ տարի:

Վերջում հեղինակը բերում է նաեւ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայի խոսքը, ով խոստացել է հարգել զոհերի հիշատակը: «Եթե պարզվեի, որ դրանք կոտորածների զոհեր են, մենք անպայման կհարգենք նրանց հիշատակը, ցուցանակ տեղադրելով կամ հուշարձան կառուցելով»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ