News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու մեղադրանքով ձերբակալված Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքերով: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանն ասել էր, որ ոչ որեւէ մեկին հայհոյել է, ոչ էլ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծի է ենթարկել, ավելացնելով, որ ինչում իրեն մեղադրել են, ինքը չի արել:

Ըստ մամուլի ունեցած տեղեկությունների, «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանը կարճատեւ կալանքի ընթացքում հայհոյել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որի մասին զեկուցել են Վլադիմիր Գասպարյանին: Դրանից հետո ոստիկանապետը ժամանել է Էջմիածին եւ ոստիկանության բաժնում անձամբ ծեծի ենթարկել իրեն վիրավորած Միրզախանյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, դեկտեմբերի 12-ին, ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանին («Կարտոլ» մականունով), ում մոտ 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցել էր ոստիկանության Էջմիածնի բաժին պետ` Գեւորգ Խաչատրյանը: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Վարդան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զարմանք էր արտահայտել Միրզախանյանի ձերբակալման փաստի առթիվ, նշելով. «Նա նույնիսկ սովորական ծխախոտ չի ծխում, ուր մնաց թմրանյութ օգտագործի»: Ավելի ուշ ներկայացնելով կատարվածի մանրամասները, Վ. Վարդանյանը պատմել էր, որ Նորայր Միրզախանյանն իր 6 տարեկան երեխայի հետ հոգեհանգստի արարողությունից վերադառնալիս է ձերբակալվել: «5-6 մեքենայով կանգնեցնում են իր մեքենան, ավտոմատները վրան պահում, ձերբակալում ու տանում են` 6 տարեկան երեխային մթան մեջ միայնակ թողնելով Երեւան-Արմավիր խճուղում: Ժամեր անց ՃՈ-ի ոստիկաններն են երեխային բերում Էջմիածին:« Սովետական միլիցիայի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մեթոդներով ձերբակալություն է տեղի ունեցել առանց որեւէ բան ասելու: Երեխան երեկվանից տեսածից ուշքի չի գալիս, լեզուն կապ է ընկել:Մենք ավելին չգիտենք մեր ունեցած ինֆորմացիան երեխայի պատմածների հիման վրա են», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Վարդան Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ