News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի (այսուհետ` Կադաստր) պետական կոմիտեն որոշ դեպքերում քաղաքացիներին տրամադրել է համակարգում առկա տեղեկատվություն, որը սակայն լիարժեք չի եղել պահանջվող գործառույթի իրականացման համար:

• Կադաստրը պետական գրանցման ժամանակ քաղաքացիներից որոշ դեպքերում պահանջել է այնպիսի փաստաթղթեր կամ պետական գրանցումը մերժել է այնպիսի հիմքերով, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ:

• Այգեգործական նպատակներով նախկինում քաղաքացիներին հատկացված եւ վերջիններիս կողմից երկարաժամկետ չտնօրինված հողամասերի մի մասը ներառվել է համայնքների հողային հաշվեկշռում եւ համայնքների ղեկավարների կողմից հատկացվել է այլ անձանց: Այս դեպքերում Կադաստրի կողմից հաշվի չեն առնվել այգեգործական ընկերությունների կողմից հողամասերը նախկինում քաղաքացիներին տրված լինելու հանգամանքը, եւ դրանց նկատմամբ գրանցվել են նոր սեփականատերերի իրավունքները: 

• Որոշ դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ անձանց տրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:

• Կադաստրի աշխատակիցները գույքի կադաստրային արժեքը գնահատելիս որոշ դեպքերում չեն առաջնորդվել օրենսդրությամբ նախատեսված գործակիցներով:

• Ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող նորմերը վերանայելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների քննարկումներն իրականացվել են ուշացումով (օրինակ՝ ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի եւ Երեւան քաղաքապետի 30.10.2008թ. համատեղ պաշտոնական պարզաբանումը):

Արձանագրված դրական զարգացումները

• 2011 թվականի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են եղել համակարգի գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետեւաբար` կոռուպցիոն  ռիսկերի նվազեցմանը:

• 2011թ. ապրիլի 25-ից դիմողների համար հնարավորություն  է ընձեռվել գանձվող վճարների նկատմամբ գործակիցների կիրառման միջոցով գրանցման վկայականները ստանալ արագացված կարգով (առավել կարճ ժամկետներում):

• Վերացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների), այդ մասով ներմուծվել է կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, եւ նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվել է անվճար:

• Կադաստրի սպասարկման գրասենյակների եւ տարածքային ստորաբաժանումների միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմամբ դիմողներին հնարավորություն է տրվել իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնել եւ փաստաթղթերը ստանալ իրենց ընտրությամբ` կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակում (նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով) անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից:

• Վերացվել է պետական գրանցում ստացած անշարժ գույքի նկատմամբ տեղեկատվություն տրամադրելու կամ նման գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում գույքի չափագրման կամ տեղազննության պարտադիր պահանջը:

• Վերացվել է իրավունքների պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման մասին դիմումների` ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացման պահանջը, ինչպես նաեւ համակարգի ծառայություններից օգտվելու համար դիմողներին սպասարկելու նպատակով ստեղծվել են հատուկ մասնագիտացված կառույցներ` սպասարկման գրասենյակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ