News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու են ուռճացված ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները:

Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության պարզաբանումը.

«Մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ են տարածվել, թե ՀՀ ոստիկանության կողմից իբր արհեստականորեն ուռճացվել են ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները եւ դրանք չեն համապատասխանում հրապարակված  վիճակագրական տվյալներին, ինչպես նաեւ Հայաստանից մեկնած եւ Հայաստան վերադարձած անձանց թվին:

Նշված հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ընտրողների ռեգիստրը ձեւավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Այսպես, 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է եղել 2.311.917 ընտրող:

2012 թ. մայիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, 15.02.2012թ. դրությամբ, ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.482.000 ընտրող, ինչը  170.083-ով ավելի է, այսինքն`

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների աճը պայմանավորված է հետեւյալով.

1. 2012 թ. ընտրացուցակներում` 15.02.2012 թ. դրությամբ, ընդգրկվել է 359.614 ընտրող, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ցուցակներում:

Այսպես`

ա)  185.236 ընտրողների  18 տարին լրացել է 2008 թ. փետրվարի 19-ից հետո,

բ) 174.378 ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2008 թ. փետրվարի 18-ից հետո: Նշված թվով ընտրողներ ռեգիստրում գրանցվել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում (2007թ. ՀՀ քաղաքացիություն է ընդունել 223 օտարերկրյա քաղաքացի, իսկ 2008 թ.-ից մինչեւ 2011թ-ը` 27.780 օտարերկրյա քաղաքացի), պետական նպաստներ ստանալու նպատակով (ՀՀ կառավարության 23.12.2010 թ. թիվ 1763-Ն որոշմամբ նպաստառու ընտանիքի կազմը որոշելու համար  սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում սահմանվեց նաեւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք` նախկին բնակության վայրի տեղեկանքների փոխարեն): Բացի այդ, զգալի թվով քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի եւ նշված օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող` ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանով սահմանված պահանջներից ելնելով, որի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

2. 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված` թվով 188.626 ընտրողներ չեն ընդգրկվել 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու կապակցությամբ, այդ թվում` 122.434-ը մահվան պատճառով:

Այսպիսով, 2008 թ. փետրվարի 19-ից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած եւ նոր ընդգրկված ընտրողների 2012 թ. փետրվարի 15-ի դրությամբ կազմող քանակական տարբերությունը համապատասխանում է փաստացի վիճակին:

Պարզաբանում ենք նաեւ, որ Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն հաշվառումից հանելու իրավական հիմք  չի հանդիսանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ