News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի համար նախորդ տարիներին լուրջ խնդիր է եղել քաղաքի այգիների հարցը, որոնք շատ դեպքերում պարզապես ծառայել են ամեն ինչի, միայն թե ոչ որպես այգի: Քաղաքում 3 մեծ այգի կա` Քիմգորածարանի, երկաթուղայինների եւ Սայաթ Նովայի անվան այգիները, բոլորը տրված են վարձակալության: Դրանցից մեկում նստարաններն են ջարդված, մյուսում աղբամաններ ու ատրակցիոններ չկան. տպավորություն է, որ այգիները ստեղծված են սրճարաններ աշխատեցնելու ու գումար վաստակելու համար:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը նշեց, որ բոլոր այգիները արդեն տրված են վարձակալության, բացի Սայաթ Նովայի անվան այգուց, վերջինիս վարձակալությունը դատարանի որոշմամբ դադարեցվել է, սպասարկողի կողմից այգին բարցիթողի վիճակում պահելու պատճառով:

Բաժնի պատասխանատուն այգիների նախորդ տարիների վիճակը գնահատում է միջակ. «Մենք ստիպված ենք որոշ բաների վրա աչք փակել: Կազմակերպություններն իրենց ֆինանսական հնարավորութունների չափով անում են»:

Նկատենք, որ Վանաձոր քաղաքի միայն կենտրոնական մասերում կան այգիներ, այս առիթով Վիկտոր Դարբինյանը նկատեց, որ այս տարի ծայրամասային թաղամասերից միայն Տարոն 2 թաղամասում է նախատեսված այգի, տարածքը 5 տարի վարձակալությամբ արդեն տրամադրված է, մնում է աշխատանքներն սկսել:

Իսկ այն, որ նախորդ տարի ամռան գրեթե բոլոր ամիսներին Վանաձորի քաղաքապետը դժգոհում էր այգիների վատ վիճակից, Դարբինյանը վստահեցրեց, որ նման բան այս տարի չի լինի. «Եթե մեր միջոցառումները արդյունք չտան, մենք էլի կմտնենք դատարան: Մենք պարզապես նախորդ տարի սխալվեցինք, երբ Երկաթուղայինների այգին մասերի բաժանեցինք, հիմա հույս ունենք, որ Սայաթ Նովայի այգին կգտնի մի վարձակալ, որը նորմալ կբարեկարգի»:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյան

Տպել
Ամենաշատ