News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր` մարտի 30-ին հրապարակել է «ՄԳԱ Վոթըր» ընկերության («Մաքուր Ջուր» ապրանքանիշ) կողմից սպառողներին իր արտադրանքի հումքային ջրի ծագման վերաբերյալ տեղեկություններն ապակողմնորոշող համարելու իր որոշումը` հանձնարարելով 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը: «ՄԳԱ Վոթըր» ընկերությունն անբարեխիղճ մրցակցություն է ցուցաբերել` պիտակի վրա մակնշելով, որ իր ապրանքը հանդիսանում է «բնական աղբյուրի ջուր», այնինչ տարիներ շարունակ ջուրը շշալցրել է Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգի ծորակներից (տես նկար 1), նախապես քլորազրկելով այն:

Վարույթը հարուցվել էր «Էվրի Դեյ» ընկերության կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա: Ըստ «Էվրի Դեյ» ընկերության տվյալների, բազմաթիվ սպառողներ նախընտրել էին «ՄԳԱ Վոթըր» ընկերության արժեքային ավելի մատչելի արտադրանքը` կարծելով, որ այն իսկապես բնական աղբյուրի ջուր է, վերցված Գառնիի լեռնային աղբյուրներից (ինչպես որ նշված է «ՄԳԱ Վոթըր» ընկերության պաշտոնական կայքէջում եւ պիտակի վրա): «Էվրի Դեյ» ընկերության կողմից արտադրվող 19 լիտր տարայով «Բյուրեղ» աղբյուրի ջուրը, որը շշալցվում է Ջերմուկի տեղանքի թիվ 1 աղբյուրից եւ մրցակցում է «ՄԳԱ Վոթըր» ընկերության արտադրանքի հետ, անբարեխիղճ մրցակցության արդյունքում ընկալվել է որպես մրցակցային առավելությունից զուրկ ապրանք:

Մարտի 23-ից սկսած «Էվրի Դեյ» ընկերությունը Երևանում սկսել է արտադրել JurJur ապրանքանիշի խմելու մաքուր ջուր, որը շշալցվում է քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հումքային ջրից` անցնելով քլորազրկում եւ հավելյալ ֆիլտրացիա: Նոր ապրանքատեսակը կոչված է մրցակցելու «ՄԳԱ Վոթըր» ընկերության համանման արտադրանքի` քաղաքային ցանցից շշալցված խմելու մաքուր ջրի հետ: «Շուկայի կայացմանը զուգընթաց առաջանում է սպառողներին սեգմենտավորելու անհրաժեշտություն», ասել է «Էվրի Դեյ» ընկերության տնօրեն Կարեն Սարկավագյանը, հավելելով. «Մենք պետք է հնարավորություն տանք սպառողին որոշում կայացնել հավաստի տվյալների հիման վրա»:

Տպել
Ամենաշատ