News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Երեւանի քաղաքապետարանի եւ այլ տեղական ինքնակառավարման մարմինների 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«Երեւանի քաղաքապետարանի եւ այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

- Քաղաքապետարանի կողմից անբավարար վերահսկողության արդյունքում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում եւ խաղահրապարակներում հաճախ իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք ժամանակին չեն կանխվել:

- Քաղաքապետարանը կրպակների ապամոնտաժման ծրագիրն իրականացնելիս հիմնականում չի ապահովել անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, ինչի հետեւանքով խախտվել են համապատասխան անձանց իրավունքները, եւ առաջացրել  սոցիալական լարվածություն:

- Չի սահմանվել Հայաստանի անունից հանդես եկող լիազոր մարմինը, որը պատշաճ հսկողություն պետք է  իրականացներ  բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում կառուցապատողների` օրենքով կամ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ:

- Երեւանի քաղաքապետարանը բավարար չափով չի վերահսկել համատիրությունների եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությունը`  կապված շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ու դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ:

- Առանձին դեպքում (Կոմիտաս 26 հասցեում)  քաղաքացուն տրամադրվել է շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող քաղաքաշինական փաստաթղթեր, որոնք հետագայում նույն մարմնի կողմից վերացվել են`  օրենսդրության պահանջների խախտմամբ տրված լինելու պատճառաբանությամբ:

- Երեւանի քաղաքապետարանը ոչ բոլոր դեպքերում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքաշինական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խախտումներ թույլ տված անձանց: Այսինքն՝ դրսեւորել է խտրական եւ կամայական մոտեցում:

- Մտահոգիչ է Երեւանում հասարակական տրանսպորտի վիճակը: Բավարար չափով չեն իրականացվել հասարակական տրանսպորտի շահագործումը բարելավելու, կառավարումն առավել արդյունավետ դարձնելու եւ ուղեւորափոխադրումների որակը բարձրացնելու աշխատանքները:

- Երեւանի քաղաքապետարանը չի իրականացրել քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտները, եւ հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրեր, որի հետեւանքով շարունակել են խախտված մնալ վերջիններիս իրավունքները:

Արձանագրված դրական զարգացումները

- Համայնքներում իրականացվել են կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ:

- Վերականգնվել, կահավորվել եւ կառուցվել են հասարակական տրանսպորտի նոր կանգառներ:

- Քաղաքապետարանը բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ կարողացել է  լուծել թափառական կյանքով ապրող անօթեւանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ հիմնախնդիրներ:

- Ծայրահեղ կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար մշակվել եւ քաղաքապետարանի կայքէջի միջոցով գործողության մեջ է դրվել «Ցանկությունների իրականացում» բարեգործական նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ