News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ հատուկ քննչական ծառայության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«Առանձին դեպքերում Ծառայության քննիչների կողմից չեն պահպանվել նախաքննության անցկացման ողջամիտ ժամկետները եւ դրանք անհարկի ձգձգվել են: Ընդ որում, վերջիններս տվյալ դեպքերում չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի նախաքննության ժամետները, եւ դրանք բոլոր դեպքերում երկարացվել են սահմանված ժամկետներում եւ կարգով: Նշված գնահատականը որոշակի առումով ընդունել է նաեւ Ծառայության պետը իր 2011թ. կատարված աշխատանքների ամփոփման ընթացքում՝ մասնավորապես նշելով, որ Ծառայության կողմից անհրաժեշտ է առանձնակի հետեւողականություն դրսեւորել նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ:

Շարունակվել են Ծառայության աշխատանքների նկատմամբ քննադատությունները՝ կապված 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության անարդյունավետության հետ: Զոհված անձանց ընտանիքի անդամներն ու հարազատները այն համոզման են, որ Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները: Նշված խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Թոմաս Համերբերգը իր 2011թ. հրապարակված զեկույցում՝ մատնանշելով հարցի կարեւորությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հասարակության վստահության բարձրացման տեսանկյունից: Դրական է, որ նշված գործերի քննության վերաբերյալ Ծառայությունը հրապարակել է կատարված աշխատանքների մասին մանրակրկիտ տեղեկատվություն, այդուհանդերձ զոհերի ընտանիքները եւ հանրությունը ակնկալում են նշված գործերի ամբողջական բացահայտում:

Ծառայության քննությանը օրենքով ենթակա գործերի նախաքննությունը իրականացվել է այլ մարմինների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ մատնանշում է այն բոլոր դեպքերը, որոնց քննությունը ընդդատյա է Ծառայությանը, սակայն օրենքի այդ պահանջը երբեմն անտեսվել է: Օրինակ, ըստ Ծառայության կողմից ներկայացված տվյալի` ՀՀ ՊՆ զինծառայողի մասնակցությամբ (կողմից) կատարված հանցագործության վերաբերյալ ծառայությունում քննվել է մեկ քրեական գործ: Սա ինքնին արդեն վկայում է օրենքի խախտման մասին, որովհետեւ հանրությանը հայտնի են ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի մասնակցությամբ (կողմից) կատարված բազմաթիվ հանցագործություններ, որոնք քննվել եւ ավարտվել են հենց ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում: Այդպիսի դեպքեր եղել են նաեւ ոստիկանական համակարգում: Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտումը հանգեցրել է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, ինչի հետեւանքով կասկածի տակ է դրվել նախաքննության օբյեկտիվությունը:

 Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների խախտումները եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Կարեւորելով Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ Պաշտպանը գրավոր հարցմամբ դիմել էր Ծառայությանը՝ պարզելու, թե ինչ տեղեկատվություն է առկա այդ խնդրի վերաբերյալ տվյալ մարմնում եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:   Ի պատասխան,  Ծառայությունը հայտնել է, որ  աշխատակիցները «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին ծանոթացել եւ ներկայացվող պահանջների պահպանման մասին նախազգուշացվել են:

 Ըստ Ծառայության կողմից հայտնած տվյալների, պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսեւորումների) դեպքերով 7 քրեական գործ է քննվել, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, 1-ը կարճվել է կողմերի հաշտվելու հետեւանքով, իսկ 2-ը մնացել են անավարտ: Ներկայացված  թվական տվյալները վկայում են, որ պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսեւորումների) արժանացած ոչ բոլոր քաղաքացիներն են հաղորդում ներկայացրել Ծառայություն, ինչը վկայում է, որ Ծառայության համապատասխան գործառույթների իրացումը պաշտոնատար անձանց կողմից իրականում կատարված  բռնության դեպքերին խիստ անհամաչափ է, եւ դա Ծառայության գործառույթների ոչ բավարար լուսաբանման եւ հասարակության շրջանում վերջինիս նկատմամբ ոչ բավարար վստահության արդյունք է:

Դրական է, որ ընթացիկ տարում Ծառայության վարույթում քննվել է 193 քրեական գործ, որից 69-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով մեղադրանք է առաջադրվել հիմնականում ոստիկանության, ՊԵԿ, քրեակատարողական հիմնարկների, ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ: Ծառայության վարույթում քննված եւ ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր.դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր, որոնք սահմանված ժամկետում քննարկվել են, եւ ձեռնարկված միջոցառումների մասին հայտնվել է նախաքննության մարմնին»:

Տպել
Ամենաշատ