News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա` մարտի 30-ի նիստում ներկայացվել են 2012թ. հանրապետության համայնքների բյուջեների կատարողականի առաջին երկու ամսվա ցուցանիշները: NEWS.am-ին ՏԿՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների կատարողականը կազմել է 100,6 տոկոս` նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 18,4 տոկոս աճ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 64,6%-ով,  գույքահարկինը` 113,6%-ով:

Նիստում տեղեկություն է ներկայացվել Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) շահագործման, հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ: Ներկայումս ՀԿՏՀ-ն ներդրված է 244 համայնքներում: 2012թ. ընթացքում  նախատեսվում է համակարգը ներդնել եւս 200 համայնքներում: Մարզպետարաններից ստացված տվյալների համաձայն` շուրջ 40 համայնք ունի բավարար տեխնիկական եւ ֆինանսական  ռեսուրս`ՀԿՏՀ-ների  ներդրման առումով: Տարածքային կառավարման նախարարի հանձնարարությամբ այս տարվա հունվարից բոլոր քաղաքային  եւ խոշոր գյուղական համայնքներում աշխատանքներ են տարվում ՀԿՏՀ-ի  եւ պետական մարմիններում շահագործվող փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգի փոխգործակցության ապահովման ուղղությամբ: Արդեն ավելի քան 15 համայնք միացել է այդ համակարգին: Ներկայումս քաղաքային եւ խոշոր գյուղական շուրջ 50 համայնքում աշխատանքներ են տարվում էլեկտրոնային փաստաթղթաշարժի ներդրման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ 2012թ-ի ընթացքում շուրջ 90 համայնքապետարան փոխգործակցություն կհաստատի «Mulberry» համակարգի հետ: «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, Եվրախորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն անդրադարձել է նաեւ ԵԽ-ի հետ համատեղ Հայաստանի հինգ համայնքների` Վանաձորի, Գորիսի, Դիլիջանի, Արենիի եւ Փարաքարի համար երկարաժամկետ ռազմավարությունների մշակման գործընթացին:  Նշվեց, որ հունիսին կազմակերպվելիք համաժողովում կներկայացվեն ռազմավարությունները  եւ դրանց մշակման մեթոդաբանությունը: Առաջարկ է եղել նաեւ օրենսդրական փոփոխությունների միջոցով  համայնքների համար երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը սահմանել որպես համայնքապետերի պարտադիր լիազորություն:

Նիստում անդրադարձել են նաեւ Վայոց Ձորի մարզում աշնանը կայանալիք «Արենի» գինու փառատոնի կազմակերպիչների թվում նաեւ ՏԿՆ-ի ընդգրկմանը, ինչպես նաեւ համայնքներում զբոսաշրջային ծրագրերի համակարգման խնդիրներին:

Տպել
Ամենաշատ