News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխանել է ոստիկանության արձագանքին, որը վերաբերում է այդ կառույցի վերաբերյալ ՄԻ պաշտպանի գնահատականին:

ՄԻՊ աշխատակազմի պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 թվականի տարեկան զեկույցի առանձին բաժինների ամփոփումների տարածումը զանգվածային լրատվության միջոցներով: Պաշտպանի ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ www.pashtpan.am հասցեով:

Անդրադառնալով, տարեկան զեկույցի մեզ հայտնի առաջին եւ միակ բովանդակային անհամաձայնությանն ու քննադատությանը, հայտնում ենք հետեւյալը:

Դրական ենք գնահատում ՀՀ ոստիկանության կողմից Պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրների հանգամանալի ուսումնասիրությունը եւ կառուցողական արձագանքը: Միեւնույն ժամանակ հուսադրող է այն, որ անհամաձայնություն հայտնելով բարձրացված բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ոստիկանությունը ընդունում է մյուսները եւ պատրաստակամություն հայտնում վերացնել իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:  Պաշտպանն ու իր աշխատակազմը պատրաստ են աջակցել ոստիկանությանը՝ մարդկանց իրավունքների վրա բացասաբար ազդող բոլոր խնդիրների աստիճանական ու համակարգային լուծման համար:

Այդուհանդերձ, ոստիկանության անհամաձայնության առարկա դարձած կոնկրետ խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացի թերությունը վերաբերում է ոստիկանության կողմից ոչ թե ըստ մշտական, այլ փաստացի բնակության վայրի անձնագրի տրամադրման գործընթացում ստեղծվող խոչընդոտներին: Մինչդեռ ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման 10-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի տրամադրման հնարավորությունը նաեւ ըստ փաստացի բնակության վայրի:  Մասնավորպես, ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման վերաբերյալ թերացումը վերաբերել է այն դեպքերին, երբ քաղաքացին դիմել է անձնագրային տարածքային բաժանմունք՝ հայտնելով որ չունի մշտական հաշվառում եւ խնդրել, որպեսզի ըստ փաստացի բնակության վայրի  հաշվառեն եւ տրամադրեն ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, սակայն նման դիմումներին պատշաճ եւ ժամանակին ընթացք չի տրվել: Որպես օրինակ նշենք դեպքը, երբ քաղաքացին  2011թ. Պաշտպանին հասցեագվրած դիմումով հայտնել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք, սակայն մերժվել է հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Նշված դեպքում քաղաքացին Պաշտպանի միջամտությունից հետո կրկին դիմել է տարածքային անձնագրային բաժանմունք, եւ միայն այդ ժամանակ վերջինս փաստացի հաշվառվել է ըստ բնակության վայրի, եւ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է:

Պատրաստ ենք շարունակել զեկույցի հրապարակային եւ կառուցողական քննարկումը տարբեր ոլորտներում առկա վիճահարույց խնդիրների եւ դրանց արդյունավետ լուծման եղանակների վերաբերյալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ ՄԻ պաշտպանի` ոստիկանության գնահատականում մի շարք թերություններ էին մատնանշվել: Օմբուդսմենն իր գնահատականում, մասնավորապես, ընդգծել էր.

«• Որոշ դեպքերում  հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

• Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:

• Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները»:

Տպել
Ամենաշատ