News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարող կոալիցիան այս տարիներին ձեւական է եղել եւ Հանրապետական կուսակցությունն «արել է այն ինչ ցանկացել է», ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է: Այդ մասին ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- ասել է Օսկանյանը:

Հարցին, եթե կոալիցիան ձեւական է եղել, «Բարգավաճ Հայաստանը» ինչո՞ւ է տարիներ շարունակ մնացել այդ կոալիցիայում, շաբաթ առաջ ԲՀԿ-ին անդամակցած Օսկանյանը պատասխանել է. «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին ես մասնակցություն չեմ ունեցել, բայց արդեն մենք հասուն պետություն ենք, այս խնդիրներին պետք է ավելի լուրջ մոտենանք, եւ այս ընտրությունները մեզ այդ հնարավորությունը տալիս են։ Այսօր քաղաքական ուժերի դասավորումը այնպես է, որ եթե իրոք կարողացանք ազատ, արդար ընտրություններ անցկացնել, մենք նոր որակի խորհրդարան կունենանք, կլինեն իսկական հակակշիռներ, ստիպված կլինենք իսկական կոալիցիաներ կազմել, մի կուսակցության կարծիքը չի պարտադրվի»։

Ըստ Օսկանյանի, Հայաստանի խնդիրների ակունքը քաղաքական մենաշնորհն է։ «Սովետական շրջանից այդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Եթե այն ժամանակ մի կուսակցություն էր իշխում, մեր անկախությունից ի վեր էլ միշտ այդպես է եղել։ Ժամանակն է դա փոխել։ Այս խորհրդարանական ընտրություններին այդպես պետք է նայել»,- նշել է Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարը նաեւ նշել է, թե պնդելու է, որ ԲՀԿ-ն այդպիսի ձեւական կոալիցիաների մեջ չլինի: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մենք առաջին տեղում ենք։ Մեծամասնություն կստացվի, թե չէ՝ պետք է ձգտել դրան։ Կստացվի՝ լավ, չէ՝ կգնանք կոալիցիայի ճանապարհով, բայց այն ուժերի հետ, որոնց հետ մոտեցումների եւ ծրագրերի համընկնում կա»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ