News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս  քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունները նամակով դիմել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին:

Նամակում ասվում է. «Հաշվի առնելով, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու կայացումը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Նախ, թույլ տվեք մեր անհամաձայնությունը հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից հրապարակային ելույթների ժամանակ Մաշտոցի պուրակում ոստիկանության գործողություններին տրված գնահատականներին: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով խաղաղ միջոցառումների մասնակիցների հիմնարար իրավունքները: Այս մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, ինչպես նաեւ մեր նախաձեռնությունների հայտարարություններում, իսկ մարտի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ մենք հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հետեւելով այս առնչությամբ ԵԱՀԿ գրասենյակի արձագանքներին` գտնում ենք, որ տեղի ունեցած մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները ԵԱՀԿ-ի կողմից համարժեք չեն գնահատվել եւ դատապարտվել: Ընդհակառակը, փորձ է արվում արդարացնելու ՀՀ Ոստիկանության անօրինականությունները:

Ձեզ եւ կազմակերպության մյուս կառույցներին ու ներկայացուցիչներին կոչ ենք անում վերանայել այն արատավոր պրակտիկան, երբ կազմակերպության առանձին կառույցներ կամ ներկայացուցիչներ, անհամարժեք եւ անզգույշ հայտարարություններ անելով կամ որոշումներ ընդունելով, խթան են հանդիսանում, որպեսզի ուժային կառույցները բռնություն գործադրեն հասարակության անդամների նկատմամբ: Այդպես եղավ 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո, երբ ԺՀՄԻԳ-ի առաջին նախնական զեկույցը խթան հանդիսացավ անհամաչափ ուժ կիրառելու համար, ինչը հանգեցրեց աղետալի հետեւանքների: Դրա համար ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ունի պատասխանատվության իր բաժինը:

Ձեր գլխավորած գրասենյակն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր ծրագրեր է իրականացնում ոստիկանության, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ` նպատակ ունենալով բարելավելու այդ կառույցների աշխատակիցների մասնագիտական ունակությունները եւ նպաստելու կառավարման ոլորտում աշխատակիցների որակական հատկանիշների բարձրացմանը: Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ծրագրերն արդյունավետ չեն եւ  նշված երկու կառույցներն էլ ձախողել են հաշվետու եւ բաց կառավարման վերաբերյալ իրենցից ակնկալվող արդյունքները:

Ելնելով ԵԱՀԿ մանդատից` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի վերաբերյալ հիմնախնդիրները պետք է անմիջականորեն քննարկվեն նաեւ քաղաքացիական հասարակության հետ»:

 

Տպել
Ամենաշատ