News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը խախտվում է` անկախ նրանից, թերի է օրենսդրությունը, թե մանրակրկիտ կերպով մշակված:

Global Integrity Report 2011 զեկույցը 31 երկրների առնչվող մանրակրկիտ ուսումնասիրություն է, որն այսօր` մարտի 30-ին հրապարակվել է Global Integrity միջազգային կազմակերպության կողմից, որն ուսումնասիրում է կառավարման ոլորտի եւ կոռուպցիայի համաշխարհային տենդենցները:

Ուսումնասիրման առարկա 31 երկրներից 29-ը ստացել են 60 միավորից պակաս` 100 հնարավորից: Հաշվի է առնվել քաղաքական կուսակցություններին անհատների եւ ձեռնարկությունների կողմից նվիրատվությունների կատարումը կարգավորող օրենսդրության արդյունավետությունը, ինչպես նաեւ նվիրատվությունների եւ քարոզչության նպատակով կատարվող ծախսերի աուդիտի իրականացումը: Համապատասխան օրենքների կատարմանը հետեւել պարտավոր պետական մարմինները սովորաբար չունեն խնդիրը քննելու բավարար լիազորություններ, ու հաճախ նաեւ չունեն պատժամիջոցներ կիրառելու լիազորություն:

Ըստ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող օրենսդրության արդյունավետության չափանիշի, Հայաստանը ստացել է 100 հնարավորից ընդամենը 8 միավոր, իսկ ըստ անհատ թեկնածուների ստացած ֆինանսավորումն արդյունավետ կերպով կարգավորելու ունակությանը վերաբերող չափանիշի` 100 հնարավորից 10 միավոր: Այս արդյունքները ցայտուն կերպով տարբերվում են երկրի օրենսդրության ստացած գնահատականից, որը կազմում է 50 միավոր` ըստ կուսակցությունների ֆինանսավորման չափանիշի եւ 100 միավոր` ըստ անհատ թեկնածուներին վերաբերող չափանիշի: Կուսակցությունների եւ անհատ թեկնածուների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունները հանրությանը հայտնելու առումով իրավիճակն ավելի բարվոք է. համապատասխանաբար 63 եւ 31 միավոր` հնարավոր 100-ից:

Արդյոք կուսակցությունների քաղաքական գործունեության ֆինանսավորումը կարգավորող օրենսդրությունն արդյունավե՞տ է

Գերմանիա 83

Կոլումբիա 71

Իրլանդիա, Մեքսիկա 58

Վրաստան 54

Ինդոնեզիա 50

Մակեդոնիա, Սերբիա 33

ԱՄՆ, Թաջիկստան 29

Ադրբեջան, Կոսովո, Բոսնիա-Հերցեգովինա 25

Ուկրաինա 21

Ալժիր, Լիբերիա, Ուգանդա, Վիետնամ 17

Հորդանան, Մոնղոլիա, Վենեսուելա 13

Հայաստան, Գանա 8

Հնդկաստան, Մալավի 4

Բուրկինա Ֆասո, Չինաստան, Քենիա, Նիկարագուա, Սիեռա Լեոնե, Զիմբաբվե 0

«Մենք լրջորեն մտահոգված ենք, քանի որ շատ երկրներում ընտրական գործընթացների մեջ մասնավոր աղբյուրներից մեծ գումարների ներդրումն արդյունավետորեն կարգավորելու առումով լուրջ առաջընթաց չկա», - նշել է Global Integrity-ի գործադիր տնօրեն Նաթանիել Հելլերը: «Ամբողջ աշխարհում քաղաքական գործունեության ֆինանսավորումը մնում է կոռուպցիայի հավանականության առումով ամենառիսկային ոլորտ, եւ լուրջ բարեփոխումների բացակայությունը կշարունակի խանգարել բաց եւ թափանցիկ կառավարմանը վերաբերող նախաձեռնությունների իրականացմանը», - նշեց Հելլերը:

Global Integrity Report: 2011 զեկույցի նպատակն է գնահատել ոչ թե պետական մակարդակով առկա կոռուպցիայի վիճակը, այլ կոռուպցիայի դեմ կիրառվող միջոցները. գնահատվել են նաեւ կառավարման թափանցիկությանը եւ հանրությանը հաշվետու լինելուն վերաբերվող այլ ոլորտներ, ներառելով շահերի հակասությանը վերաբերող օրենսդրությունը, մամուլի ազատությունը եւ օրենքների կիրառման առումով հաշվետու լինելը:

Զեկույցում ներառված են զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իրլանդիան եւ Գերմանիան, ինչպես նաեւ բազմաթիվ զարգացող երկրներ` Ալժիրից եւ Ուկրաինայից մինչեւ Չինաստան: Կոռուպցիայի ընկալումներն ուսումնասիրելու փոխարեն զեկույցը գնահատում է հանրությանը հաշվետու լինելու մեխանիզմների եւ թափանցիկության ապահովման միջոցների առկայությունը, որոնք հնարավոր են դարձնում կոռուպցիայի կանխումը: Զեկույցում գործածված են 320 «ազնվության ինդիկատորներ», ինչպես նաեւ կոռուպցիայի վերաբերյալ լրագրողական հրապարակումներ: Երաշխիքների ոչ բավարար լինելու գնահատումը թույլ է տալիս ենթադրել, որ ոլորտներում է կոռուպցիայի ռիսկն ավելի մեծ:

Զեկույցի կարեւոր արդյունքները ներառում են նաեւ հետեւյալը.

- Հակակոռուպցիոն մարմինները հաճախ չեն համապատասխանում առկա ակնկալիքներին: 2011 թ. ուսումնասիրած հակակոռուպցիոն մարմիններից շատերը ծայրահեղ կերպով քաղաքականացված են եւ կախման մեջ են կառավարություններից, որոնց նկատմամբ պետք է մոնիտորինգ իրականացնեն: Մարմինների լիազորությունների եւ անկախության պակասը հաճախակի ուղեկցվում է նրանց ուղղված քաղաքացիների դիմումների սակավությամբ` հիմնականում այն պատճառով, որ շատ երկրներում բացակայում են կամ անբավարար են վկաների պաշտպանության միջոցները:

- Ուսումնասիրված 31 երկրներից 29-ում պետական կառավարման համակարգը վերահսկվում է իշխող կուսակցության կողմից կամ հեշտությամբ շահագործվում է նեղ կուսակցական շահերի իրագործման համար: Հասարակական ռեսուրսների եւ կուսակցությունների գործունեության միջեւ սահմանազատումը հստակ չէ ուսումնասիրված երկրների մեծ մասի դեպքում. բացառություն են կազմում ԱՄՆ-ը (100 միավոր) եւ Իրլանդիան (75 միավոր):

- 2009 թ. կատարված նախորդ ուսումնասիրության արդյունքների համեմատ մի քանի երկրներում առկա է ուշագրավ բարելավում կամ վատթարացում` հակակոռուպցիոն երաշխիքների առումով: Բավական էական առաջընթաց է գրանցվել Լիբերիայում, Հայաստանում եւ Թաջիկստանում, մինչդեռ Մոնղոլիայում, Ալժիրում եւ Մեքսիկայում առկա է հետընթաց:

«Զեկույցում ներառված երկրների գնահատականները հանդիսանում են աշխարհում առկա հակակոռուպցիոն մեխանիզմների ամենամանրամասն, ապացույցների վրա հիմնված գնահատականներ: Դրանք տեղեկատվություն են ապահովում որոշում կայացնողների, ակտիվիստների եւ քաղաքացիների համար` յուրաքանչյուր երկրի կառավարման ոլորտի հետ կապված մարտահրավերները հասկանալու եւ գործելու համար», - նշել է Հելլերը:

Global Integrity-ի զեկույցը մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրված երկրներում հավաքված տեղեկությունների մշակման արդյունք է, որը պատրաստվել է ավելի քան 100 լրագրողների եւ հետազոտողների ջանքերի շնորհիվ:

2011 թ. զեկույցը ներառում է հետեւյալ երկրները.

Ադրբեջան

Ալժիր

ԱՄՆ

Բոսնիա-Հերցեգովինա

Բուրկինա-Ֆասո

Գանա

Գերմանիա

Զիմբաբվե

Թաջիկստան

Ինդոնեզիա

Իրլանդիա

Լիբերիա

Կոլումբիա

Կոսովո

Հայաստան

Հնդկաստան

Հորդանան

Մալավի

Մակեդոնիա

Մեքսիկա

Մոնղոլիա

Նիկարագուա

Չինաստան

Սերբիա

Սիեռա-Լեոնե

Վենեսուելա

Վիետնամ

Վրաստան

Ուգանդա

Ուկրաինա

Քենիա

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ