News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը հայտնաբերել է Երեւանի Գարեգին Նժդեհի թիվ 35 շենքի 11-րդ բնակարանում 101 մարդ գրանցած բնակարանի սեփականատիրոջը, ով բնակվում է Ֆրանսիայում: Ավելին` վերջինիս պահանջով բնակարանի վրա գրանցված 100 քաղաքացիները արդեն դուրս են գրվել այդ հասցեից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

«Մենք կապ հաստատելով սեփականատիրոջ հետ, որը այս պահին գտնվում է Ֆրանսիայում եւ պարզաբանումներ պահանջեցինք: Նա միանգամից համաձայնեց, որ եթե հնարավորությունը կա, ապա  պատրաստ է այդ 100 հոգուն իր հասցեից հանել: Մենք խնդրեցինք, ինքը լիազորագիր ուղարկեց եւ  անձնագրային ծառայությունն 100 հոգուն էլ հաշվառումից հանել է»,- մանրամասնեց Հովհաննես Քոչարյանը:

Հարցին` տանտերը մեկնաբանե՞լ է պատճառը, թե ինչու է այդ 100 հոգուն գրանցել իր հասցեում, Քոչարյանն արձագանքեց. «Գիտեք կան երկքաղաքացիներ, ովքեր  Հայաստանի Հանրապետության անձնագրով Ռուսաստանի Դաշնություն ավելի հեշտ  կարգով են մուտք գործում: Դրա համար էլ, որպեսզի Հայաստանի հաշվառում ունենան, պետք է դրսի հաշվառում չերեւա մեջը: Երեւի, դիմել են, նա էլ, չարաշահելով սեփականատիրոջ իրավունքները, նման ծառայություն  է մատուցել այդ անձանց: Նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներսի հաշվառումով ներսի անձնագիր ստանալն է եղել եւ այդ մարդն էլ, ինչ-որ ծառայություն է մատուցել չարաշահելով իր սեփականատիրոջ իրավունքը»:

Մամուլում նշվում էր, որ գրանցված անձինք Վրաստանի քաղաքացիներ են, մասնավորապես Նարդեւան գյուղի: Այդ կապակցությամբ վարչության պետը նշեց. «Տվյալը ճիշտ է այնքանով, որ բոլորն էլ Վրաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են եղել, ովքեր սահմանված կարգով  ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այսինքն` երկքաղաքացիներ են եղել»:

Քոչարյանի խոսքով, սեփականատերը  ինքը իրավունք ունի իր բնակարանի հաշվառման հասցեից հանել  նրանց ում հարմար է գտնում: «Տվյալ պարագայում նա հարմար է գտել բոլոր 100-ին էլ  հանելու եւ մենք հանել ենք: Եթե չլիներ ցանկությունը, իրավական որեւէ հիմք, որի վրա մենք հիմնվելով առանց սեփականատիրոջ կամքը հարցնելու հաշվառումից հանելու գործողություն իրականացնեինք, չկար»,- ավելացրեց պարոն Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ