News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պուրակում շինարարության դեմ պայքարող ակտիվիստների ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ակցիան նախաձեռնած խմբերը: Նրանց փոխանցմամբ`  մարտի 31-ի առավոտյան հայ մտավորականների ապամոնտաժող բրիգադը սկսել է Մաշտոցի պուրակի ապօրինի տաղավարների ապամոնտաժման գործը: Մինչեւ այս պահը ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերով պաշտպանում է անօրինական տաղավարները եւ թույլ չի տալիս ապամոնտաժող բրիգադին անցնել արգելափակոցները: «Ոստիկանությունը արգելափակոցներ է տեղադրել ամբողջ Մաշտոցի պուրակի երկայնքով: Չնայած դրան` այսօր պուրակ են եկել հարյուրավոր քաղաքացիներ եւ նրանց թիվը գնալով աճում է: Զուգահեռաբար, Երեւանի քաղաքապետարանը ծանր տեխնիկայով սկսել է փորել պուրակի տարածքը, ինչը խոչընդոտ է ստեղծում պուրակում քաղաքացիների տեղաշարժվելու համար»,- նշել են նրանք:

Ապամոնտաժող բրիգադը հայտարարել է, որ անդադար փորձելու է մուտք գործել տաղավարների տարածք` այնքան ժամանակ մինչեւ այդ փորձերը հաջողությամբ պսակվեն: Ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Մեկին ձերբակալելու դեպքում` նրանց փոխարեն գալու է 10 հոգի: «Մենք չենք գնալու այստեղից, քանի դեռ հանրային տարածքը չի ազատվել ապօրինի բուտիկներից»,- հայտարարել են մտավորականները: Հայտարարվել է, որ թե որոշում ընդունողները եւ թե ոստիկանությունը պատասխանատվություն են կրում ապօրինի որոշումների եւ դրանց կատարման համար: Ոստիկանությունը դարձել է «բութ գործիք» եւ օգտագործվում է «օլիգարխիայի» սիմվոլ դարձած բուտիկները պաշտպանելու համար:

«Մենք` Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիներս հայտարարում ենք, որ այս խնդրի հետ կապված հանրության պայքարի սկզբից երկու ամիս անց ՀՀ գործադիր իշխանությունը շարունակում է ոտնահարել Հայաստանի քաղաքացիական հասարակության օրինական պահանջը: Ավելին, այսօրվա դեպքերը վկայում են, որ իշխանությունն այդ ապօրինի որոշումներով եւ իր անտեղի համառությամբ շարունակում է աններելիորեն բարոյազրկել ՀՀ Ոստիկանությանը, որը ստիպված է ամոթխած հայացքներով պաշտպանել մի քանի անձանց մասնավոր շահը եւ օգտագործվել` հանրային տարածքը հանրությունից պաշտպանելու համար: Ինչ էլ որ լինի, մենք մնալու ենք Մաշտոցի պուրակում եւ աջակցելու ենք ավագ սերնդի կողմից ապամոնտաժման գործին: Ապամոնտաժող թիմը որոշել է, որ այսուհետ անժամկետ մնալու է Մաշտոցի պուրակում եւ մենք` Մաշտոցի պուրակի համար պայքարող ՀՀ քաղաքացիներս էլ սատարելու ենք նրանց եւ մնալու ենք պուրակում, մինչեւ չապամոնտաժվի վերջին բուտիկը: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին անդադար գալ Մաշտոցի պուրակ եւ շատանալ` հաստատելով եւ վերանվաճելով ՀՀ քաղաքացու հանրային տարածք ունենալու Սահմանադրական իրավունքը»,- հայտնել են նրանք:

Հայտարարությանը միացել են  «Մենք ենք այս քաղաքի տերը»,  «Մեր քաղաքը հանրային», «Թռչկան»,  «Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիներ», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները:

Նշենք, որ Մաշտոցի պուրակում մի քանի հարյուր ակտիվիստ կա, իսկ հատուկ միջոցներով զինված ոստիկանները ավելի շատ են: Ավելի վաղ տարածված հաղորդագրությամբ բնապահպանները նշել էին, թե ապամոնտաժող բրիգադի կազմում ընդգրկված է 10 մարդ` Էմիլ Աբրահամյանը, Ստեփան Դանիելյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկազն Ղահրիյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարեն Շիկոնյանը, Մանվել Սարգսյանն ու Սարո Սարոյանը: Նրանք կանաչ համազգեստներ եւ շինարարական սաղավարտ են կրում:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշել է, որ «եթե ակտիվիստները փորձեն անօրինական գործողություններ կատարել, իրենք ստիպված կլինեն համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ