News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Էդմոնդ Ազադանի` «The Armenian Mirror-Spectator» հանդեսում տպագրված հոդվածը` որոշ կրճատումներով:

Սկսվել է տարվա այն ժամանակը, երբ սփյուռքահայերը, հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում, քայլեր են ձեռնարկում, ակտիվացնում են լոբբիստական գործունեությունը, մեծ ակնկալիքներ են ունենում, իսկ ապրիլի 24-ին` տառապում իրենց գործունեության  հիասթափեցնող արդյունքներից:

Վերջերս որոշ երկրեր հարմար տարբերակ են գտել` շահարկելու Հայոց ցեղասպանության հարցն իրենց հակառակոդների առջեւ: Ստանալով քաղաքական օգուտներ` նրանք հարցը մոռացության են մատնում մինչ հաջորդ հարմար առիթը: ԱՄՆ-ն այդ երկրների շարքում է, Իսրայելը` նույնպես: Երկար տարիներ Իսրայելի կառավարությունը կտրականապես ժխտում էր, որ հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն են եղել: Այդ ամոթալի հայտարարությունն Անկարա կատարած այցի ընթացքում արել էր այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսը, երբ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները երկաթի պես ամուր էին: Սակայն վերջերս Իսրայելի Կնեսեթը  լսումներ անցկացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Դրանից բացի, Հանրային գործերով Ամերիկա-իսրայելյան կոմիտեն (AIPAC) և լոբբիստական այլ կառույցներ, որոնք հանդես են գալիս Իսրայելի կառավարության դիրքերից, հրապարակայնորեն հայտարարեցին, որ դադարեցնելու են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրենց պայքարը:

Եթե Թուրքիայի հետ հարաբերությունները լարված են, խոհեմության ձայները Վաշինգթոնում և Թել Ավիվում ասում են. «Մենք չենք ցանկանում էլ ավելի վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»: Իսկ երբ հարաբերություները բարյացակամ են, բոլոր հիմքերը կան «հուսալի դաշնակցի հետ մեր բարեկամությունը չվտանգելու»: Այդպիսով, այդ չդադարող կրկներգը ստեղծում է արդարացումեր, թե «հիմա պատեհ առիթը չէ հայերի Ցեղասպանությունը ճանաչելու համար»: Կարելի է միայն գուշակել, թե երբ է գալու այդ անորսալի «պատեհ առիթը»:

Ոչ ոք ավելորդ հույսեր չէր կապում նախագահ Ջորջ Բուշի հետ, երբ խոսքը վերաբերում էր մարդու իրավուքներին, սակայն Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման ձեռք բերեցին քաղաքական հսկայական օգուտներ` շոշափելով  բարոյականության հարցեր: Սակայն նրանք երկուսն էլ անփառունակ կերպով պարտվեցին: Բիլ Քլինթոնի ուշացած ներողությունը ռուանդացիներից` այդ երկրում ցեղասպանության ընթացքում անգործության համար, այն էլ Քլինթոնի նախագահության ավարտից տասը տարի անց, թվում է սին, բռնազբոսիկ և վիրավորական:

Հայերի պարագայում էլ Քլինթոնը ցուցաբերեց նման անզգայություն, երբ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Դենիս Հասթերթին կարգադրեց բանաձևը չներկայացնել պալատի քննարկմանը` հասկանալով, որ այն ընդունելու համար բավարար քվեներ կային: Հետագայում Հասթերթը թուրքերի կողմից շռայլորեն պարգևատրվեց իր «ծառայությունների» համար:
Այժմ Հիլարի Քլինթոնի կողմից ցեղասպանության ճանաչման ձգձգումը, ըստ երևույթին, իր ամուսնու քաղաքականության շարունակական արձագանքն է: Զարմանալի չէ, որ Օբամայի` մարդու իրավունքների գծով խորհրդականը նրան անվանեց «հրեշ»:
Այդուհանդերձ, այդ նույն խորհրդական Սամանթա Փաուերը ինքն էլ անթերի չէ: Նա հայտնի դարձավ «Խնդիրներ դժոխքից» իր գրքով, որտեղ ուումնասիրվում էին Հոլոքոստն ու Ցեղասպանությունը:

Ժամանակին նա ձեռք էր բերել սկզբունքային իրավապաշտպանի համբավ, մինչև չմիացավ Օբամայի Ազգային անվտանգության խորհրդին որպես բազմակող հարցերի գծով ավագ տնօրեն: Նա Օբամայի նախընտրական շտաբի առաջնային դեմքերից էր, ով հավատացրեց հայերին, որ ըտրություններից հետո Օբաման կճանաչի Ցեղասպանությունը: Այն բանից հետո, երբ Օբաման անօգնական հանձնվեց պետդեպարտամենտի չընտրված պաշտոնյաների առջեւ` մանեւրելով «ցեղասպանություն» բառի շուրջ, Սպիտակ տունը կրկին կիրառեց Փաուերի ստեղծագործական միտքը. Հայտարարության տեքստում նա «ցեղասպանություն» բառը փոխարինեց հայերեն «Մեծ եղեռն» բառակապակցությամբ` օգտագործելով հանգուցյալ Հովհաննես-Պողոս Բ-ի հնարքը:
Ֆրանսիան էլ մեկ այլ երկիր է, որը ժամանակ առ ժամանակ օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը, որպեսզի փակի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Վերջերս նախագահի երկու թեկածուներն էլ` և Նիկոլա Սարկոզին, և Ֆրանսուա Օլանդը այդ հարցում  քաղաքական շահավետ գործիք գտան: Ֆրանսիան ամեն դեպքում ճանաչել է հայերի ցեղասպանությունը, սակայն առայսօր չի քրեականացրել դրա ժխտումը:

Երբ Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց հակասահմանադրական, մոռանալով Հոլոքոստի դեպքում համանման իրավաբանական հիմք ունեցող Գեյսոյի օրենքը, ողջ գործընթացը նմանվեց կրկեսային ներկայացման: Երբ ֆրանսիական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի կողմից սպառնալիքի տակ հայտնվեց, բոլորը, ովքեր ճանաչում էին Սարկոզիին, հավատացած էին` հիմա նա ինչ-որ խորամանկ հնարք կմտածի, ինչպես սովորաբար անում էր իր քաղաքական կարիերայում, և կպահպանի դեմքը: Եվ նա արեց դա` հրաժարվելով Սահմանադրական դատարանի գործողություներից առաջ ընկնել, որոնք նա կանխատեսել էր:

Նա չստորագրեց նախագիծը, որպեսզի այն դառնա օրենք` հնարավորություն տալով Թուրքիային և նրա լոբբիստներին անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել Սահմանադրական դատարան դիմելու համար, որտեղ այն դատապարտված էր: Նույնիսկ Սարկոզիի կուսակցության (UMP) անդամնեերը գործում էին անկախ նրա կամքից: Սարկոզիի գրասենյակից և ոչ ոք չկարողացավ տրամաբանական բացատրություն գտնել այն հարցին, թե ինչու նա ոչինչ չէր արել, երբ գործելն անհրաժեշտ էր:

Մեկ անգամ քաղաքական գործընթացում  ընդգրկվելով` չպետք է նահանջենք: Մենք նոր հնարավորություն ունենք ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում, որովհետև Ռոբերտ Մենենդեսն ու Մարկ Քիրքը Սենատ են ներկայացրել նոր բանաձև:

Հաղթանակ լինի թե պարտություն, մենք հիասթափությանը սովոր ենք: Մենք կարող ենք նորից սկսել այդ ճանապարհը մյուս տարի, նաև` Ցեղասպանության հարյուրամյակի նախորդ տարում: Դեռևս Հայաստանում և Սփուռքում չկան հուսադրող գործողություններ, իսկ Թուրքիան արդեն նախահարձակ քայլեր է կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ