News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը սենսացիոն բացահայտումներ է արել: Նա հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները իրականացնում են Ջավախքի հայաթափման ծրագիր: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այն պարտադրանքը, որի համաձայն ջավախահայերը հաշվառում են ստանում Հայաստանում: Այդ մասին ասվում է Հայ ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանը, փաստորեն, պետական մակարդակով նպաստում է ոչ միայն Վրաստանում ապրող մեր հայրենակիցների արտագաղթին, այլեւ՝ նրանց գրանցում է Հայաստանում՝ վերջիններիս միջոցով ընտրակեղծիքներ իրականացնելու համար:

 Այսինքն, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում չբնակվելով՝ ապօրինաբար ստանում են Հայաստանում իշխանություն ձեւավորելու իրավունք՝  հավասար մեր` ՀՀ իրական քաղաքացիներիս իրավունքներին: Նրանք ապրում են Վրաստանում, հարկերը վճարում են Վրաստանում, հարստացնում մեր սիրելի հարեւանին, բայց ընտրություններին մասնակցում են մեզ հետ հավասար պայմաններով»,- նշել է Կարապետյանը:

Վերջինս կարծում է, որ այս հանգամանքը պետք է արժանանա բոլոր` արդար ընտրություններով շահագրգռված կազմակերպությունների գնահատականին, «իսկ մենք, հայաստանցիներս, պետք է հաշիվ պահանջենք իշխանություններից` թե ինչո՞ւ են նրանք կրկնակի վտանգի տակ դնում ջավախահայությանը. մի դեպքում հարվածի տակ դնելով Վրաստանում նրանց քաղաքացիության եւ ունեցվածքի հարցը, մյուս դեպքում էլ՝  վերջիններիս Հայաստանում ապօրինի ներքաշելով հակաօրինական գործողությունների մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կենսական նշանակությունը առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար:

Սեփական հանցավոր ռեժիմի վերարտադրությունն ապահովելու մոլուցքը չի կարող արդարացնել նման հակապետական գործունեությունը»:  

«Իմ անձնական կարծիքով` ընտրությունների վերաբերյալ դիտորդների կողմից ներկայացվելիք զեկույցներում առաջին տողով պետք է նշվի ՀՀ իշխանությունների միջոցով նախաձեռնված տասնյակ հազարավոր օտարերկրկյա քաղաքացիների ՀՀ ընտրություններին մասնակցության ապօրինի փաստը: Ավելին, մենք ինքներս բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ ենք լինելու, որպեսզի այս աղաղակող ապօրինությունը հայտնվի ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ տարածաշրջանային կայունությամբ եւ անվտանգությամբ մտահոգ միջազգային բոլոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում».- նկատել է Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ