News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրլի 15-ին կփակվի «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը: Ապրիլի 3-ից 15-ը ներառյալ ցուցահանդեսի մուտքը («Արծիվ» սրահ) կլինի անվճար:

2011 թվականի սեպտեմբերին բացված ցուցահանդեսը ներկայացնում է 44 ստեղծագործություններ, որոնք պատկանում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին:  «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել է երկու կրթական ծրագիր. «Օպ-արտ. Գույնի եւ ձեւի փոխակերպումներ» ծրագիրը նախատեսված էր 5-11 տարեկան երեխաների համար, մինչդեռ «Տպագրական արվեստի ներածություն» ծրագրին կարող էին մասնակցել նաեւ դեռահասները եւ երիտասարդները:

Վերջին «Տպագրական արվեստի ներածություն» ծրագիրը տեղի կունենա ապրիլի 7-ին եւ 14-ին ժամը 14:00-ին:

20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին ծնվել է 1906թ. Հունգարիայի Պեչ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստանալով նախ` Պոդոլինի-Վոլկման, ապա` «Մյուհելի» ակադեմիայում, 1930թ. Վազարելին տեղափոխվում է Փարիզ: Ուսումնասիրելով օպտիկական ազդեցության, գույն-ձեւ փոխհարաբերության հիմնախնդիրները` Վազարելին զարգացնում է երկրաչափական աբստրակցիայի իր ոճը` հիմք դնելով արվեստի նոր ուղղության: 1965թ. Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված  «Responsive Eye»  (Զգայուն աչք) ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվում է օպ-արտի նախահայր:

Սահմանելով ձեւ-գույն միասնության սկզբունքը` Վազարելին ստեղծում է «գեղարվեստի այբուբենը», որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի եւ ձեւի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ: Մշակելով գեղարվեստի այբուբենը` որպես գեղարվեստի համամարդկային լեզու` Վիկտոր Վազարելին ձգտում էր արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին` նպաստելով արվեստի եւ հասարակության ներդաշնակ զարգացմանը:

Տպել
Ամենաշատ