News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշմամբ անվճար տրամադրվող թափուկը շատ հաճախ անտառապետերի կողմից բնակիչներին տրամադրվում է գումարով, կամ օգտագործվում է որպես ընտրակաշառք: Այս խնդիրների շուրջ NEWS.am-ը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի հետ:

Պարոն Մաթեւոսյան, ինչպիսի՞ վիճակ է այսօր Հայաստանի անտառներում, արդյոք նվազո՞ւմ է ապօրինի անտառահատումների եւ անտառօգտագործողների թիվը:

Զուտ վիճակագրական տվյալներով, 2011թ-ին շատ փոքր նվազում կա, արձանագրված ապօրինի անտառահատումների գործում, բայց վերջին մեկ-երկու տարիների ընթացքում կապված գազի գնի բարձրացման հետ, որոշակիորեն ավելացել է ապօրինի անտառօգտագործումը: Մինչեւ նախորդ տարվա կառավարության որոշումը` թափուկ փայտանյութի ձրի տրամադրման վերաբերյալ, նույնիսկ թափուկ վառելիք հավաքելը համարվում էր ապօրինի անտառօգտագործում: Ընդհանուր Հայաստանի մասշտաբով շատ քիչ նվազում է արձանագրվել, կարծում ենք կառավարության այս որոշումը բավականաչափ կօգնի, որպեսզի նվազի ապօրինի անտառհատումը:

Ահազանգեր կան, որ կառավարության որոշմամբ անվճար տրամադրվող թափուկը անտառապետերը գումարով են տրամադրում, Դուք նման ահազանգեր ստացե՞լ եք:

Դա արդեն հանցագործություն է, բայց մենք տեղյակ չենք: «Հայանտառը» թափուկ փայտանյութի համար վճար չի վերցնում, իրենք  իրավունք չունեն:

Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ ամենաշատ անտառահատումները Լոռիի մարզում են, ի՞նչն է պատճառը, գուցե անտառտնռտեսությունները լավ չե՞ն աշխատում:

Դեռ 90-ականներից սկսած անտառհատում ամենաշատը Լոռիում է կատարվել, քանի որ անտառներն այստեղ ավելի հասանելի են, իսկ 2000թ-ից սկսած մեծածավալ անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել: Իհարկե, այստեղ նաեւ անտառտնտեսության մեղքը թույլ պահպանությունն է, անբավարար աշխատանքը: Կան խոցելի տարածքներ` Վահագնիի, Եղեգնուտի  եւ Փամբակի անտառտնտեսությունները, որտեղ չի եղել մի աշխատակից, որի վրա քրեական գործ հարուցված չլինի եւ նստած չլինի: Հիմա շուրջ 13 պահաբաժին ազատ է, մարդիկ չեն ուզում գալ ու աշխատել, քանի որ տեխնիկական ապահովվածությունը գտնվում է վատ վիճակում:

Հ.Գ. Նշենք, որ NEWS.am-ի Լոռիի թղթակցի հավաստի տեղեկություններով անատառամերձ համայնքերի մի շարք բնակիչներ  անտեղյակ լինելով իրենց իրավունքներից, մասնավորապես, որ 2011թ-ի նոյեմբերի մեկից փայտանյութը տրամադրվում է անվճար, ողջ ձմեռ թափուկ վառելիքը ձեռք են բերել մեկ խմ-ի համար վճարելով նույն 1200 դրամը, իսկ ահա գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ Լոռիի մարզ այցելած ժամանակ հայտարարեց, որ մի շարք համայնքներում էլ դա օգտագործվում է որպես ընտրակաշառք: Նախարարը խոստացել է գտնել եւ պատժել նմաններին:

Հարցազրույցը` Էդվարդ Արզումանյանի

Լուսանկարները` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ