News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:

Դրան է նվիրված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` ապրիլի 2-ին սկսված պաշտոնական այցը Երեւան:

Հանդես գալով համատեղ մամուլի ասուլիսում, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ուրախ է ողջունելու իր գործընկերոջը: «Մենք շատ հաճախ ենք հանդիպում, 2011-ին կայացել է 10 հանդիպում, իսկ ընթացիկ տարվա մեջ սա արդեն 4-րդն է»,-նշել է նախարարը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը նշվում է դրական ձեռքբերումների ֆոնի վրա: Այսպես, Հայաստանի եւ ՌԴ ղեկավարները վերջին երեք տարվա ընթացքում հանդիպել են մոտ քառասուն անգամ, վերջին երկու տարվա ընթացքում կայացել է երկու պետական այց, զարգանում է միջխորհրդարանական համագործակցությունը, ամրապնդվում են կապերը մարզերի մակարդակով:

Ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի, ռուսական ներդրումների ծավալը կազմում է երեք միլիարդ դոլար:

Զարգանում է համագործակցությունը հումանիտար, մշակութային, կրթական ոլորտներում: Այդ ամենը հիմնված է  պայմանագրային եւ իրավական (մոտ երկու հարյուր համաձայնություն) լայն բազայի վրա: «Այսօր մենք քննարկել ենք բոլոր այդ հարցերը»,-նշել է նախարարը:

Այլ հարցերի շարքում ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին 2 տարում տասնյակ հանդիպումներ է անցկացրել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի զարգացման համատեքստում:

«Դա արվել է հիմնարար սկզբունքների շուրջ ընդհանուր փոխհամաձայնության գալու համար, որոնք պետք է դրվեն խաղաղ համաձայնագրի հիմքում: Աշխատանքն ավարտված չէ, բայց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունվարի 23-ին Սոչիի հանդիպման ժամանակ հատուկ հայտարարությունում պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը` պայմանավորվածության հասնելու համար: Ռուսաստանը եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ ազգային հարթությունում ամեն կերպ նպաստում է դրան` հաշվի առնելով կողմերի ցանկությունները»,-ասել է Լավրովը:

Այցելության ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ