News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախընտրական ու ետընտրական գործընթացները ազդեցություն են գործում ցանկացած երկրի տնտեսական իրավիճակի վրա: Զարգացած երկրներում դա սովորաբար արտահայտվում է ֆոնդային ցուցիչների փոփոխության միջոցով, երբ ներդրողները սկսում են գնահատել նախընտրական կամ հաղթող թեկնածուի նախընտրական ծրագրերը: Հայաստանի նման երկրներում նախընտրական գործընթացը կարող է նաեւ ուղղակի ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Այդ ազդեցություններն առաջին հերթին արտահայտվում են մանրածախ առեւտրաշրջանառությունում, հրատարակչական բիզնեսում, գովազդային բիզնեսում, մեդիադաշտում, կա նաեւ ազդեցություն փոխարժեքի վրա:

Ընդ որում` ամենամեծ ազդեցություն ի հայտ է գալիս առեւտրաշրջանառությունում: 2007 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ (այն տեղի է ունեցել մայիսի 12-ին), 1 ամսվա ընթացքում (ապրիլը մարտի նկատմամբ), մանրածախ առեւտրաշրջանառությունն ավելացել է մոտ 20 %-ով կամ 11 մլրդ դրամով: Մայիսից սկսած արդեն առեւտրաշրջանառությունն անկում է ապրել, ինչը եւս վկայում է, որ բուռն աճը կապված էր ընտրությունների հետ: Այդ հավելյալ 11 մլրդը (մոտ 30 մլն դոլար) անուղղակի վկայություն է, թե ինչ չափերի է հասել ընտրակաշառքը:

Ինչ վերաբերում է հրատարակչական բիզնեսին, ապա 1 ամսվա կտրվածքով վիճակագրությունն արձանագրել էր 1.2 մլրդ դրամի հասույթի աճ (մոտ 2 անգամ): Գովազդային բիզնեսի հասույթների մասին վիճակագրությունը պաշտոնական տվյալներ չի հաղորդում:

Ակնհայտ է, որ կարճաժամկետ ազդեցություն տնտեսական իրավիճակի վրա կլինի նաեւ 2012 թ. ընտրությունների ժամանակ: Գնողունակության կարճաժամկետ աճը կամ նվերների բաշխումը ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության վրա կարող է ամսական կտրվածքով 1-2%-ի ազդեցություն ունենալ: Ըստ մեր գնահատումների` կուսակցություններն ու մեծամասնականով առաջադրված քաղաքական գործիչները նախընտրական շրջանում կծախսեն մոտ 70-80 մլն դոլար: Սա նաեւ լրացուցիչ ազդակ կհանդիսանա դրամի փոխարժեքի համար`  արժեւորման ուղղությամբ:

Բացի այս ուղղակի ազդեցություններից` առկա են նաեւ անուղղակի ազդեցություններ: Գործարարների ակտիվ ներգրավվածությունը նախընտրական գործընթացներում առաջացնում է ներդրումային ծրագրերի կարճաժամկետ սառեցման էֆեկտ: Բացի այդ` աջուձախ հնչող պոպուլիստական ծրագրերը կառավարությանը եւս կարող են մղել պոպուլիստական քայլերի, ինչն իր մեջ մակրոտնտեսական ապակայունացման տարրեր է պարունակում:

 

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ