News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2011թ-ի մարտի 29-ին Գայի պողոտայի 10/12  հասցեում գտնվող «Կոնվերս բանկը»  թալանելու փորձ կատարած ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան  Արթուր Հակոբյանին 8 տարվա ազատազրկման են դատապարտել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:

Գործը քննել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:, որտեղ վկաների ցուցմունքների հիման վրա պարզվել է, որ վերջինս ծառայողական պարտականություններից դուրս զբաղվել է մոլեխաղով` մեծ չափի խաղադրույքներ է կատարել սպորտային տարբեր հանդիպումների ժամանակ, կուտակել բազմաթիվ պարտքեր, որոնք մարելու համար 2011 թվականի մարտի վերջերին որոշել է դիմել առանձնապես ծանր հանցագործության` ավազակային հարձակման:

2011-ի մարտի 29-ին, ժամը 11.58-ին, ընտրելով առավել հարմար պահը, երբ մասնաճյուղում այցելուներ չեն եղել, նա մուտք է գործել բանկի մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատվածը եւ ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում է կատարել գանձապահներ Սոնա Հովհաննիսյանի եւ Նաիրա Ավետիսյանի նկատմամբ, գանձապահի պահարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 1.724.000 ՀՀ դրամ, 37.800 ՌԴ ռուբլի, 385 ԵՎՐՈ, 6.655 ԱՄՆ դոլար գումարներ եւ փորձել է դիմել փախուստի: Հիշյալ բանկի մասնաճյուղում ծառայություն իրականացնող նույն բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանը հանցագործությունը կանխելու եւ հանցագործին վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի, PE 7157 համարի ատրճանակից 4 անգամ կրակել է Ա.Հակոբյանի ազդրին եւ որովայնի շրջանին, որի արդյունքում վերջինս տեղում բռնվել ու տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում Արթուր Հակոբյանը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար եւ խնդրել է իր նկատմամբ, որքան հնարավոր է մեղմ վերաբերվել:Իսկ ամբաստանյալի կատարած հանցանքը հաստատվել է դատաքննությամբ հետազոտված հետեւյալ ապացույցներով: Վկա ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի դասակի հրամանատարի օգնական Ռուբեն Կարակոզյանի ով վարել է իրեն ամրակցված ՎԱԶ 2106 մակնիշի, 128 ՈՍ 02 հաշվառման համարի ավտոմեքենան եւ փաստացի եղել է բաժնի պետ Արթուր Հակոբյանի վարորդը իր ցուցմունքում հայտնել է, որ 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին մի քանի անգամ Ա.Հակոբյանին տարել է Սաֆարյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակ: Նշված ամիսներին մի քանի անգամ Ա.Հակոբյանը տարբեր չափերի գումարներ է տվել իրեն եւ նրա ասելով` գումարները տարել եւ տվել է վերը նշված գրասենյակի աշխատող Սիլվային: Եղել են դեպքեր, երբ գումարներ է վերցրել Սիլվայից, բերել տվել Ա.Հակոբյանին: Բացի այդ, մի քանի անգամ Ա.Հակոբյանը տվել է իրեն 700-800 հազար դրամ եւ այն տարել ու Ամիրյան փողոցում տվել է ոմն Արոյի: Եղել են դեպքեր, երբ նշված անձից գումարներ է վերցրել ու տվել Ա.Հակոբյանին:

Վկա «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Տոնիկյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ 2011թվականի հունվարից իրենց մոտ սկսել է հաճախել Արթուր Հակոբյանը: Նա հաճախել է ամսվա մեջ մոտ 10-15 անգամ, սակայն եղել են դեպքեր, որ զանգահարել, ասել է, թե որքան գումար խաղադրույք կատարի, իսկ հետո վարորդի միջոցով ուղարկել է գումարը: Հայտնել է, որ դեպքեր են եղել, երբ Ա.Հակոբյանը բուքմեյքերական գրասենյակ եկել է ոստիկանական համազգեստով եւ մյուս հաճախորդներից իմացել է, որ նա տարածքի ոստիկանությունից է:  «Ա.Հակոբյանը հաղթելու դեպքում հիմնականում գումարը չէր վերցնում, այլ խաղում էր այնքան մինչեւ պարտվում էր»,- ասվում է վկայի ցուցմունքում: Նմանատիպ մի ցուցմունք էլ տվել է   վկա «Ինտեր լոտո» ՍՊԸ-ի բուքմեյքեր Արա Զաքարյանը: Ի դեպ, Կարեն Բոյաջյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքում ասել է, որ շուրջ 3 տարի ընկերություն է անում Արթուր Հակոբյանի հետ:

2011թվականի մարտի 3-ին Ա.Հակոբյանը զանգահարել է իրեն եւ շտապ պարտքով խնդրել է 4.100.000 ՀՀ դրամ գումար եւ հայտնել, որ գումարը կվերադարձնի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Չնայած պահանջվող գումարը ինքը չի ունեցել, սակայն խնդրել է ընկերոջը` Գոռ Անդրեասյանին, ով նույնպես ճանաչել է Ա.Հակոբյանին, օգնել վերջինիս: Գ.Անդրեասյանը համաձայնվել է եւ հաջորդ օրը` մարտի 4-ին, ժամը 16-17-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում պահանջված գումարը տվել է Ա.Հակոբյանին: Սահմանված ժամկետում Ա.Հակոբյանը չի վերադարձրել գումարը եւ պարտքի վերադարձման այլ օր է նշել: Վերջին անգամ մարտի 29-ին, ժամը 11-ին զանգահարել է Ա.Հակոբյանին, վերջինս ասել է, որ 40 րոպեից գումարը կբերի կտա: Այնուհետեւ բազմիցս զանգահարել է, սակայն Ա.Հակոբյանը չի պատասխանել: Որպեսզի զգոնացնի նրան, կարճ հաղորդագրություն է ուղարկել, թե իբր մտնելու է վարչություն, որ պարզի` գումար փոխանցել են, թե ոչ: Այնուհետեւ նույն օրը` ավելի ուշ, ինտերնետային կայքից տեղեկացել է, որ Ա.Հակոբյանը կատարել է ավազակային  հարձակում: Ինչեւէ, արդեն դատարանում պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել կատարված հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ ամբաստանյալի անձը: Դատարանը, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչել եւ անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, նախկինում արատավորված չի եղել, երիտասարդ է, բնութագրվում է դրական, ինչպես նաեւ այն, որ խնամքին են գտնվում երկու անձ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նրա հարազատները փոխանցել էին, որ Հակոբյանը ֆինանսապես ապահովված է, բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքից է: Նրա ընտանիքին է պատկանում  Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի վրա տեղակայված բնակելի 6 հարկանի շենքի բոլոր հարկերը, ինչպես նաեւ մի քանի առանձնատուն Երեւանի տարբեր հատվածներում: Այսինքն Հակոբյանի հարազատները NEWS.am-ի հետ զրույցում բացառել էին տարբերակը, որ վերջինիս արարքը պայմանավորված լինի խաղամոլությամբ: «Ուղղակի ապշած ենք, թե Արթուրը ինչո՞ւ պիտի նման քայլի  գնար, 10 հազար դոլարի համար իր պատիվը գետնովը տար»,-նշել էին նրա հարազատները:

Տպել
Ամենաշատ