News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը համաձայն չէ ՏՄՊՊՀ 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի օրերս հրապարակած գնահատականին:

Այս մասին Արտակ Շաբոյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պրն. Շաբոյան, ինչպե՞ս եք գնահատում օմբուդսմենի եզրակացությունը ՏՄՊՊՀ գործունեության մասին:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունը մեր մասով օբյեկտիվ չէ, իսկ ուսումնասիրությունը` ոչ լիարժեք: Մենք այդ քննադատությունը չենք ընդունում: Բացի քննադատելուց` Պաշտպանը նաեւ պետք է օգնի պետական կառույցներին: Այս ժամանակահատվածում ոչ մի խնդիր, ոչ մի առարկայական բողոք չի ներկայացրել մեր Հանձնաժողովին: Ես, անկեղծ ասած, զարմացած եմ այդ զեկույցում տեղ գտած եզրակացություններից: Օրինակ` նշվել է ժամկետանց սննդի մասին, բայց միթե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացված չէ, որ դա մեր դաշտում չի գտնվում, սննդի անվտանգության համար առաջին հերթին այլ գերատեսչություններ են պատասխանատու:

Թերեւս ավելի մանրամասնենք: Զեկույցում ՏՄՊՊՀ-ին քննադատում են այն բանի համար, որ տնտեսվարող սուբյեկտները բողոքարկում են ՏՄՊՊՀ որոշումները, իսկ դատական երկար գործընթացների ընթացքում քայլեր չենք ձեռնարկում օրինախախտ տնտեսվարողների դեմ` սպասելով դատական գործընթացների ավարտին:

Մեր մոտեցումը հետեւյալն է` պատժելն ու տուգանք նշանակելը ինքնանպատակ չէ, կարեւորը խախտման փաստի վերացումն է, բացի այդ` ցանկանում ենք տնտեսվարողին հնարավորություն տալ` պաշտպանել իրենց իրավունքները: Մեր նպատակը տնտեսվարողներին ոչնչացնելը չէ, ճիշտ է`փորձում ենք հիմնավոր որոշումներ կայացնել, բայց չի բացառվում, որ մենք էլ մեր որոշումներում սխալվենք: Տնտեսվարողներին հնարավորություն ենք տալիս իրենց իրավունքները պաշտպանել ամբողջությամբ, եթե ցանկություն ունեն դիմել դատարան` թող դիմեն: Միայն դատական վերջնական վճռի կայացումից հետո, երբ արդեն համոզվում ենք, որ դատական համակարգը համամիտ է մեր որոշման հետ, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում: Այս սկզբունքը կիրառում ենք բոլորի նկատմամբ, մեզ մոտ երկակի ստանդարտներ չկան:

Օմբուդսմենը հատկապես նշել էր «Ալեքս Գրիգի» կողմից ուկրաինական օղիների նմանակման դեպքը:

Շատ լավ օրինակ է: Միայն մեկ տարվա ընթացքում «Ալեքս Գրիգին» օղիների մասով տուգանեցինք 10 անգամ: Օրենքով սահմանված առավելագույն տուգանքն ենք նշանակել, որն արդեն վճարվել է: Խնդիրն այդ օղիները շրջանառությունից հանելն է, բայց դա մեր լիազորություների շրջանակից դուրս է: Ճիշտ է` մենք որոշում ենք կայացրել, բայց պարտադրել չենք կարող: Դատարանը հօգուտ մեզ վերջնական որոշում կայացրեց, մոտ 20 օր առաջ ստացանք այդ որոշումը ու անմիջապես ուղարկեցինք ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի այդ պարտադրանքը լինի:

Օմբուդսմենի մյուս քննադատությունը կապված էր ոչ թափանցիկ ու ոչ հրապարակային գործելաոճի հետ:

Այդ քննադատությունն ինձ համար առնվազն զարմանալի էր: Ես կարծում եմ` մենք այնքան թափանցիկ ու հրապարակային ենք, որ գոնե Պաշտպանը նման որակում չպետք է տար: Հատկապես այն որոշումները, որոնք առնչվում են սպառողների շահերի պաշտպանության հետ, դրանք բոլորը հրապարակային ենք կայացնում` լրատվամիջոցների, մեղադրվող կողմի ներկայությամբ: Դա նույնպես բավականին լուրջ խնդիր է` մենք տնտեսվարողների դեմ հրապարակային մեղադրանքներ ենք ներկայացնում, ու ընդհանրապես` մեր գործունեությունը լայնորեն լուսաբանվում է:

Նշվել է նաեւ, որ ձեր ինտերնետային կայքում բավարար տեղեկատվություն չկա:

Այդ եզրակացությունը կարդալուց հետո անձամբ ստուգեցի մեր ինտերնետային պաշտոնական կայքէջը: Ոչ միայն ամբողջությամբ վիճակագրությունն էր ներկայացված, այլեւ մեր հաշվետվությունները, գործունեության տարեկան ծրագրերը: Մանրամասն ներկայացված են մեր բոլոր կայացրած որոշումները, նկարագրված են վարույթները:

 

Զրուցեց` Սամվել Ավագյանը

 

Տպել
Ամենաշատ