News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ցեղասպանություն չի լինի, թեեւ կտրուկ փոփոխություններ, միանշանակ, կլինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կանխատեսման եւ համակարգային ռեգիոնալ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Իգոր Դոբաեւը: Նրա խոսքով` այսօր Մերձավոր Արեւելքում որոշակի հակաքրիստոնեական միտումներ կան, սակայն դժվար է ասել,  թե դա մինչեւ ուր կարող է հասցնել:

«Այս երեւույթի արմատները պետք է փնտրել Աֆղանստանում 1978թ. ապրիլյան եւ 1979թ. Իրանում իսլամական հեղափոխությունների մեջ, որն էլ վերաճել է նրան, ինչ տեսնում ենք այսօր»,-նշեց փորձագետը:

Դոբաեւն ընդգծեց, որ տարածաշրջանում իսլամական տրամադրությունների բուռն աճի համապատկերում այդ կրոնը վտանգ է ներկայացնում նաեւ ինքն իր համար. «Նրանց համար բոլորը թշնամիներ են` քրիստոնյաները, բուդդայականները, հինդուները, անգամ մի փոքր այլ հայացքներ ունեցող մահմեդականները: Դա վտանգավոր է»,- նկատեց նա:

Նա ուշադրություն հրավիրեց 2011թ. արաբական աշխարհում «արբական գարուն» անվանումն ստացած  իրադարձությունների վրա: «Շատերը ենթադրում են, որ Մերձավոր Արեւելքում բոլոր այս ցնցումները Արեւմուտքի կողմից Կառավարելի քաոսի տեսության կիրառման արդյունք են`պնդելով, որ կարեւոր է սկիզբը եւ վերջին կետը` նավթ, ֆինանսեր, ներդրումներ եւ այլն: Դա այդպես չէ: Քանի որ այսօր արաբական աշխարհում ազատականացման, դեմոկրատական ինստիտուտների զարգացման փոխարեն  ռադիկալիզմ է տիրում: Եգիպտոսում իշխանության կգան «Մահմեդական եղբայրները», որը բավականին փակ կազմակերպություն է` ահաբեկչական բջիջով: Եվ նրանք իշխանության կգան ոչ թե սեփական ջանքերով, այլ դրա համար պետք է  «շնորհակալություն» հայտնեն Արեւմուտքին: Վերջին իրադարձությունների հետ Եգիպտոսում բավականին բարդացել է քրիստոնյա ղպտիների վիճակը»,-նշեց  Իգոր Դոբաեւը:

Զրուցակիցն անդրադարձավ նաեւ  մյուս երկրներին, որոնք եւս «ողողեց» «արբական գարունը»: «Լիբիայում, ակնհայտ է, նկատվում է արմատական իսլամի, ես կասեի անգամ իսլամիզի աճ: Երկիրը, ամենայն հավանականությամբ, կտրոհվի: Այնուհետեւ` Սիրիան: Բավականին յուրահատուկ երկիր է, որտեղ իշխանության է, փաստորեն, ալեւիների կլանը: Եթե այդ երկրում  կառավարող ավտորիտար ռեժիմը, որը պաշտպանում է  ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, տապալվի, քրիստոնյաների վիճակը ծանր կլինի: Թունիսում եւս իշխանության են եկել իսլամիստները, Ալժիրում նույնպես  նրանք ակտիվացել են:   Ահա եւ  Մերձավոր  Արեւելքում «գունավոր հեղափոխությունների» ողջ արդյունքը»,-նկատեց փորձագետը:

Մեկնաբանելով Մերձավոր Արեւելքում «իսլամիստկան սցենարի» հետեւանքները, պրոֆեսորը նկատեց, թե ամեն ինչ չէ, որ կարող է վատ լինել, ինչպես այսօր թվում է շատերին. «Պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանության գալուց հետո արմատականները մեղմանում են»:

«Ընդ որում` այնքան էլ ճիշտ չէ խոսել Մերձավոր Արեւելքում «իսլամիստական սցենարի» մասին: Այսօր իսլամը ժողովրդագրական առումով փոխում է Եվրոպան»,-նշեց զրուցակիցը` ներկայացնելով մի շարք վիճակագրական տվյալներ: Այսպես, մեկ ռուս կնոջը միջինը բաժին է ընկնում  1,25 երեխա, մինչդեռ մեկ պակիստանցի կնոջը`  6,5: «Ես համաձայն եմ եվրոպացի մի շարք վերլուծաբանների այն կարծիքներին, որ այսօր մենք Եվրոպա մահմեդականների երրորդ ներխուժման ականատեսն ենք»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իսլամը ընդհանուր առմամբ վտանգավոր է, Դոբաեւն ասաց. «Վտանգավոր է ոչ թե իսլամը, այլ նրա արմատական ուղղությունը` իսլամիզմը: Յուրաքանչյուր իսլամիստ մահմեդական է, սակայն ոչ բոլոր մահմեդականներն են իսլամիստներ: Քանի որ իրականում իսլամիստական դոկտրինը հակասում է նաեւ իսլամի մի շարք նորմերի: Իսլամիզմի դեմ պայքարելու համար ի սկզբանե երկու մեթոդ կա` գաղափարական եւ ուժային: Վերջինի դեպքում ամեն ինչ հստակ է, իսկ գաղափարականի առումով խնդիր կա: Մենք երկար ժամանակ  պատշաճ ուշադրություն չենք դարձրել իսլամիզմին, անտեսել ենք այն` ճիշտ քարոզչություն իրականացնելու փոխարեն: Այսօր պետք է երիտասարդ սերնդին ցույց տալ իսլամի եւ իսլամիզմի միջեւ տարբերությունը, վերջինի անհեթեթությունը: Այդ ժամանակ, հնարավոր է, կարող է ավելի հեշտ լինի դիմակայել «ներխուժմանը»,-եզրափակեց Դոբաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ