News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում աճպարարությունը զարգացնելու նպատակով ապրիլի 1-ին ստեղծվել է Հայաստանի աճպարարների միությունը, որը կմիավորի մեր երկրում մոտ 100 տարվա պատմություն ունեցող այդ ոլորտի ներկայացուցիչներին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀԱՄ-ի նախագահ, աճպարար Վարդան Ամիրյանը: Միությանն անդամակցելու համար դիմել են ոչ միայն Հայաստանի տարբեր շրջանների, այլեւ տարբեր երկրների հայեր, արդեն մոտ 20 հայտ կա, բայց նախատեսվում է այն դարձնել մոտ 100 հոգանոց միություն: Վարդան Ամիրյանի խոսքով` միությունը ստեղծելու նպատակը աճպարարության պրոպագանդումն է, հայ աճպարարներին ամբողջ աշխարհում ներկայացնելը, ինչպես նաեւ փառատոններ, մրցույթներ, հանդիպումներ, ուսումնական սեմինարներ կազմակերպելը եւ այլն: Առաջիկայում նախատեսվում է նաեւ ստեղծել թանգարան, որտեղ կներկայացվի հայ եւ համաշխարհային աճպարարության պատմությունը, կցուցադրվեն գրքեր, պաստառներ, նկարներ, աճպարարների օգտագործած գործիքներ:

ՀԱՄ-ի առաջիկա ծրագրերից է նաեւ հեռուստահաղորդում ունենալ, սեպտեմբերին կազմակերպել աճպարարների համահայկական մրցույթ, որին հրավիրված կլինեն տարբեր հյուրեր:

Աճպարարությունը, Վարդան Ամիրյանի բնորոշմամբ, արվեստ է, բայց միեւնույն ժամանակ գիտություն, որովհետեւ այստեղ պետք է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, հոգեբանության իմացություն: Հայաստանում սկսնակ աճպարարները, դրանով սիրողական մակարդակով զբաղվողները շատ են, մինչդեռ բեմում աշխատող մեկ աճպարար կա` Վարդան Ամիրյանը: Բացի այդ միկրոմագիայով զբաղվող 20 պրոֆեսիոնալ կա:

ՀԱՄ-ի նախագահի խոսքով` մեր երկրում աճպարարության զարգացման միակ խոչընդոտը ֆինանսներն են, ու «լինեն մարդիկ, ովքեր կհավատան իրենց եւ կօգնեն այդ ժանրը զարգացնել մեր երկրում»: ՀԱՄ-ն առայժմ այդպիսի ֆինանսական հենարան չունի, ամեն ինչ անելու է իր միջոցներով: «Աճպարարը մեծ աշխատանք է կատարում, նա իր հետ տանում է շատ գործիքներ, ներկայացումից առաջ մեկ ժամ պատրաստվում է ներկայացմանը, իսկ ներկայացումից հետո մեկ ժամ հավաքում է այդ բոլոր գործիքները: Աճպարարի հետ աշխատում են ասիստենտներ, այս ամբողջը քրտնաջան աշխատանք է, տարիներով աշխատում է, որ այդ տրյուկը ավելի լավ ստացվի»,- ասաց նա` հավելելով, որ միության ստեղծման նպատակն է հասնել նրան, որ աճպարարները գնահատված լինեն: Արտասահմանում աճպարարի աշխատանքը բարձր վարձատրվողներից է, ինչը չես կարող ասել Հայաստանի դեպքում: Այսպես, եթե արտերկրում աճպարարի մեկ ներկայացումն արժե մոտ 1000 դոլար է, ապա Հայաստանում ոչ պրոֆեսիոնալ աճպարարների մեկ այցելությունը 5000-10.000 դրամ է, պրոֆեսիոնալներինը` 300-500 դոլար: Վարդան Ամիրյանի խոսքով` իր 1,5 ժամանոց մենաներկայացումն արժե մոտ 2000 դոլար, իսկ արտերկրում դա 15-20 հազար դոլար է:

 

Տպել
Ամենաշատ