News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, ապրիլի 4-ին, մեկնարկում է «Կամավորության նախաձեռնություն» խորագրով եռօրյա դասընթացը, որը կազմակերպվում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրին կմասնակցի ավելի քան 35 երիտասարդ, այդ թվում՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորներ եւ հանրապետության մարզային համայնքների (Գյումրի, Սպիտակ, Չարենցավան, Արտաշատ, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Սեւան, Ապարան, Թեղենիկ, Դսեղ եւ այլն) ներկայացուցիչներ։ «Կամավորության նախաձեռնություն» ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում կամավորականության մասին իրազեկության բարձրացումը, բնակչության, հատկապես երիտասարդների կամավոր մասնակցությունը համայնքային աշխատանքներին։

Ծրագրի մասնակից հայ երիտասարդները ստացած հմտությունները հետագայում կփոխանցեն իրենց համայնքների երիտասարդներին՝ այդպիսով խթանելով կամավորականությունը հանրապետությունում։

ԱՄՆ Խաղաղություն կորպուսի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարեւորում են կամավորության զարգացումը Հայաստանում. այն ոչ միայն մասնագիտական կարողությունների կատարելագործման մեծ հնարավորություն է, այլեւ քաղաքացիական հասարակության զարգացման եւ քաղաքացիական պատասխանատվության ամրապնդման նախադրյալ։

«Կամավորության նախաձեռնություն» դասընթացի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը եւ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի ծրագրերի եւ դասընթացների ղեկավար Նիքոլաս Բրունոն։

Տպել
Ամենաշատ