News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօր, ապրիլի 3-ին ժամը 13։00-ին լրանում է Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման իրավաչափությունը որոշելու մասին պատկան մարմիններին տրված ժամկետը: Այս կապակցությամբ Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող առաջին խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Եթե մինչեւ նշված ժամկետի լրանալը ոչ մի իրավասու պետական մարմին ի հայտ չգա, մենք կհամարենք, որ հանրության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը վերջնականապես մերժված է իշխանությունների կողմից:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք Հայաստանի իշխանություններին` որ նման դեպքում ոստիկանությունը չի կարողանա խոչընդոտել Մաշտոցի պուրակում մեր արդար աշխատանքի իրականացմանը։ Միաժամանակ հորդորում ենք բոլորին ընդունել, որ սեփականությունը մեր երկրում պետք է պաշտպանվի օրենքով, այլ ոչ թե ոստիկանների կամ այլոց ֆիզիկական ուժի միջոցով։

Հիշեցնում ենք, նաեւ մեր այն հայտարարությունը, որ եթե Հայաստանի իշխանությունները համարում են Մաշտոցի Պուրակում կառուցված շինությունները օրինական սեփականություն, ապա պատրաստ ենք այդ շինությունները ապամոնտաժելու մասին մեր ընդունած գիտակից որոշման համար կրել օրենքով նախատեսված պատասխանատվությունը»։

Նշենք, որ մարտի 31-ին Մաշտոցի պուրակում քաղաքացիները փորձում էին սեփական ուժերով ապամոնտաժել կառույցները: Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման եւ փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը։

Ակտիվիստները ժամանակ տվեցին պետական մարմիններին՝ եռօրյա ժամկետում հանդես գալ հրապարակային հայտարարությամբ եւ ուղարկել Մաշտոցի պուրակ լիազորված ներկայացուցիչներին հանրությանը բացատրություններ տալու համար ինքնակամ շինությունների վերաբերյալ»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ