News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Երկու երկրների վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:  «Մեր երկրների միջեւ առկա են պատմական եւ եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորն արմատներ: Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել եւ ամրապնդել այդ հարաբերությունները: Վստահ ենք, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: «Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական եւ մշակութային բնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են հանդիսանում մեր երկրների միջեւ եւ, այդ առումով, հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասել է Բոյկո Բորիսովը:

Նշելով, որ հայ-բուլղարական առեւտրաշրջանառությունը հասնում է 60 մլն դոլարի՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ համատեքստում կարեւորվել է գործարար կապերի հաստատումը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բուլղարիայում կազմակերպել երկու երկրների գործարարների բիզնես ֆորում:  

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Բուլղարիայի փորձը կարեւոր եւ օգտակար է մեր երկրի համար լայնածավալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: 

Երկու երկրների կառավարությունների ղեկավարն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Տիգրան Սարգսյանի եւ Բոյկո Բորիսովի ներկայությամբ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երեւանի պետական մանկավարժական համալսարանի եւ Սոֆիայի համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ