News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչ այս պահը Վանաձորում դեռեւս չեն վճարվել մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող գումարները, ինչպես նաեւ 2 ամիս է, ինչ չեն ուղարկվել նաեւ սոցիալական նպաստները: Այս մասին Վանաձորի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի Վանաձորի տարածքային գրասենյակի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը, նշելով, որ իրենք բոլոր թղթերը ժամանակին ներկայացրել են:

«Մինչեւ սոցքարտերը չգան, ոչ մի գործարք չի կատարվի», ասաց նա, նշելով, որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորը սոցապ նախարարությունն է:

Այս հայտարարությանը խիստ է արձագանքել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նշելով. «Եթե մի աշխատակից իր տեղում զլանում է աշխատել, դրա պատճառով մի քանի ընտանիքներ պետք է սովի՞ մատնվեն: Փաստը արձանագրեք, բերեք ես էլ ստորագրեմ, էդ մարդկանց փողերը տվեք: Եթե մի չինովնիկ իր աշխատանքը բարեխիղճ չի կատարում, ինչո՞ւ պետք է իր պատճառով խեղճ ընտանիքը նպաստից զրկվի ու սովի մատնվի»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Սամվել Մկրտչյանը նշեց. «Բոլոր գումարները եկան, բացի մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի 17մլն 200 հազար դրամ գումարը, պատճառաբանությունները տարբեր էին, ասենք օրինակ ֆինանսների նախարարությունը սոցապ նախարարությանը չի ֆինանսավորել այս գումարը»,-ասաց նա, հավելելով, որ դեռեւս ուղարկված չեն սոցիալական քարտերի փետրվարի հայտերը, որի պատճառով մի շարք ընտանիքներ ընտանեկան նպաստ չեն ստացել, իսկ սոցքարտերի չտպվելու հարցը կապված է եղել ծրագրերի եւ մեխանիզմների հետ: «Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի գումարներ չի ստացել մոտ 40-50 ընտանիք, եւս 20-30 ընտանիք էլ` ընտանեկան նպաստ»,-ասել է նա:

Սամվել Մկրտչյանի փոխանցմամբ, ըստ բանավոր հայտարարությունների մարտի ընդհանուր գումարները փոքր ինչ ավելի շատ են նախատեսված եղել եռամսյակային գումարներից. «Մեզ մոտ բյուջեով նախատեսվում է միայն ընտանեկան նպաստների գումարները, մնացածն ըստ հայտերի է արվում, փաստորեն դուրս էր եկել, որ եռամսյակի գումարները մի քիչ ավելի շատ են եղել, մեր տեղեկություններով Լոռու, Շիրակի մարզերի եւ Երեւան քաղաքի ինչ որ մի մասի գումարները մի քանի օրով հետաձգել են, որը երեւի կտրամադրվի ապրիլի սկզբին…Հույս ունենք, որ այս շաբաթ երեխայի խնամքի գումարները բնակիչները կստանան:

Փաստորեն մենք երկու բազաներով ենք աշխատում, եւ այդ ծրագրերի համադրման ընթացքում փոքր ինչ ուշացումներ կար, ես մեկ անգամ էլ զանգեցի նախարարություն ու «Նորք» կենտրոն, այս շաբաթվա ընթացքում բոլոր սոցքարտերը կուղարկեն եւ այլեւս խնդիրներ չեն առաջանա նոր քարտերի հետ կապված»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ