News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական գանձարանը լցված է նավթի եւ գազի վաճառքի եկամուտներով, բայց աշխարհում նրա դիրքերը ոչնչով առավել չեն քսան տարի առաջ ունեցածից: Այդ մասին իր հոդվածում գրում է Կարնեգի հիմնադրամի աշխատակից Թոմաս դե Վաալը` հիշեցնելով, որ Ադրբեջանը վերջերս դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ:

Արեւմտյան երկրների հետ հարաբերությունները կարելի է անվանել չարչիա-գործարարական, քանի որ դրանք կախված են էներգառեսուրսների մատակարարումներից եւ ադրբեջանական տարածքով Աֆղանստան տեխնիկա եւ բեռ տեղափոխելու հնարավորությունից: Ադրբեջանը բողոքում է, որ իր բավական բարդ հարաբերությունները Վաշինգթոնի հետ պայմանավորված է Կոնգրեսում հայկական լոբբիի հաջող գործողություններով: Ամերիկյան ներկայացուցիչներն էլ ասում են, որ երկկողմ հարաբերություններն այնքան էլ վատ չեն, բայց ավելի լավը չեն էլ դառնա, քանի որ Ադրբեջանը ժողովրդավարությունից շատ հեռու է:

Այդ երկիրն անկայուն հարաբերություններ ունի իր բոլոր հարեւանների հետ: Այստեղ կա նաեւ երկարատեւ խնդիր Հայաստանի հետ, եւ աճող լարվածություն Իրանի եւ Թուրքմենստանի հետ, եւ մշտական կասկածամտություն Ռուսաստանի նկատմամբ` ընկերական դիմակի ներքո, եւ մշտական անհամաձայնություն գրեթե մերձավոր եւ նույնիսկ հարազատ Թուրիքայի հետ:

Անգամ ամենամոտ հարեւան Վրաստանի հետ  էլ հարաբերությունները հարթ չեն:  Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաքվում մարտի սկզբին իր այցի ժամանակ ամեն կերպ գովել է վրաց-ադրբեջանական ընկերությունը եւ նույնիսկ առաջարկել է համատեղ հայտ ներկայացնել 2016 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնույթյան անցկացման համար: Սակայն նա տանտերերի մոտ սուր գլխացավ է առաջացրել, երբ ելույթ է ունեցել ադրբեջանական խորհրդարանում եւ  լսարանին հայտնել (ռուսերենով), որ Մոսկվայի արտաքին քաղաքականությունը  «շատ անվանումներ ունի, սակայն միայն մեկ նշանակություն մեզ` Ռուսաստանի Դաշնության հարեւաններիս համար. մեր ազատությունների եւ անկախության վերջ, վերջ Ռասուլաձեի եւ մեր մյուս մնացած նախնիների  երազանքներին»:

Այդ ելույթն առաջացրել է մի քանի ադրբեջանական պատգամավորների դժգոհությունը:  Նրանց թվացել է, որ վրաց նախագահը խախտել է արարողակարգը` իրենց խորհրդարանն օգտագործելով հարեւան պետության վրա հարձակումների նպատակով, որի հետ իրենք փորձում են բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Իսկ Ռասուլաձեն եղել է 1918 թվականի  ադրբեջանական առաջին անկախ հանրապետության հիմնադիրը եւ «Մուսավաթ»  կուսակցության առաջնորդը, որն այսօր հանդիսանում է երկրում առաջատար ընդդիմադիր ուժ: Այն պատմական կերպար է, որին ներկայիս ադրբեջանական կառավարությունը նախընտրում է հրապարակայնորեն չփառաբանել:

Իսրայելն իր հանդեպ բարձր ուշադրություն պահանջող եւս մեկ դաշնակից է: Իսրայելի լավագույն բարեկամի կարգավիճակը այդ տարածաշրջանում լուրջ ծախսեր է պահանջում: Այդ փոխհարաբերությունները Թուրքիայի հետ  բախումներ են հարուցում:

Բաքվում Թուրքիայի դեսպանը նախորդ տարի հայտարարել էր, որ ադրբեջանցիները լավ կանեին աջակցեին Անկարային Իսրայելի դեմ վեճում, ինչպես Թուրքիան է Ադրբեջանին պաշտպանում  Հայաստանի հետ հակամարտության պարագայում: Եվ, իհարկե, դա նաեւ Իրանի թշնամական վերաբերմունքն է հարուցում:

Հունվարին Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Այժմ ադրբեջանցիները պետք է որոշակի դիրքորոշում ունենան ամենատարբեր հարցերի վերաբերյալ, ասենք, Սիրիայի հարցով, թեկուզ նախկինում նրանք գերադասում էին լռել դրա մասին: Նոր Ադրբեջանում շատ մարդիկ կան, ովքեր կարողանում են փող աշխատել եւ պայմանագրեր կնքել, բայց քչերն են ստանձնում ներքին քաղաքականության համակարգման բեռը:

Միեւնույն ժամանակ, նավթադոլարներով հարուստ Բաքվում կառավարությունը դառնում է ավելի քիչ թափանցիկ: Այդ համատեքստում Ադրբեջանը պետք է անցնի, թերեւս, իր ամենակարեւոր արտաքին քաղաքական քննությունը Հայաստանի հետ 1994թ. պատերազմն ավարտելուց հետո. Ինչպես վարվել եւ ինչ անել Իրանի` մերձավոր հարեւանի, շիա պետության եւ հզոր գաղափարական հակառակորդի հետ հարաբերություններում ահագնացող ճգնաժամի պայմաններում:

Այդ պլանում աշխատանքային հայեցակարգը միշտ էլ կայացել է հետեւյալում: Քանի որ երկու երկրները կարող են լրջորեն վնասել իրար, նրանք պետք է զերծ մնան ցանկացած քայլերից, որոնք կարող են Ադրբեջանին եւ Իրանին ներքաշել լայնածավալ դիմակայության մեջ: Իրանն ազդեցություն ունի տասնյակ մզկիթների եւ տասնյակ հազարավոր հավատացյալների վրա Ադրբեջանում, որոնք կարող են ապակայունացնել այդ երկրում: Իսկ Ադրբեջանը ցանկության դեպքում կարող է շարժել Իրանի տարբեր շրջաններում բնակվող ադրբեջանական փոքրամասնությանը:

Այժմ այդ հայեցակարգն ամրության ստուգում է անցնում: Հունվարին ադրբեջանական կառավարությունը հայտարարել է վեբ-կայքերի հարձակումների մասին, որոնք փչացվել են հակաիսրայելական բովանդակության ուղերձներով: Այնուհետ նա հայտարարեց իրանական դավադրության մասին` Բաքվում հրեա ուսուցչի եւ րաբիի սպանություն կազմակերպելու նպատակով:

Խորհրդարանն օգտվեց այդ հնարավորությունից` Թեհրանին կսմթելու համար:

Փառք Աստծո, իրավիճակը կրկին հանգստացավ: Սակայն եթե նոր խնդիրներ ծծագեն, Ադրբեջանը պետք է զսպի եւ օգնության դիմելու հնարավորություններ որոնի: Իսկ դա անսովոր եւ բարդ գործ է առկա պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ