News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կտրող-ծակող գործիքից Երեւանի պետական համալսարանի, ոչ թե մեկ այլ երկու ուսանող են տուժել, որոնք մորաքրոջ տղաներ են: Խոսքը Սարգիս Նազարեթյանի եւ Գոռ Խաչատրյանի մասին է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ռեկտորի փոխանցմամբ, վերջիններիս արդեն վիրահատել են: «Սարգիս Նազարեթյանի վերքն ավելի ծանր է, որն ստացել է լյարդի շրջանում: Կյանքին վտանգ չի սպառնում, բայց բժշկական հսկողության տակ է: Իսկ Գոռ Խաչատրյանը մոտավորապես նույն շրջանում է վնասվածքը ստացել, բայց նրա լյարդը չի վնասվել եւ վիճակը համեմատաբար լավ է: Քիչ առաջ դեկանը զանգ տվեց ասաց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Սարգիսին տարել են վերակենդանացման բաժանմունք, իսկ Գոռին` պալատ»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Նրա ներկայացմամբ, այդ ընդհարումը 1 օրվա պատմություն չէ, այն էպիզոդներ է ունեցել: Մեր հարցին, թե ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ միջադեպը աղջկա պատճառով է տեղի ունեցել, նա պատասխանեց. «Այդպես ասում են, որ իբր մի կողմի աղջկա հետ խոսակցություն է եղել: Նա էլ, երեւի, զանգել է իր ծանոթ բարեկամներին, ինչն էլ վեճի առիթ է հանդիսացել: Մինչեւ քննչական մարմինները չպարզեն ամեն ինչ, ես դժվարանում եմ ինչ-որ բան ասել»:

Ռեկտորը նշեց նաեւ, որ ներկա պահին իրենց նրանց առողջական վիճակն է հետաքրքրում: Նրա ներկայացմամբ, Սարգիսը բարձր առաջադիմությամբ ուսանող է:

Հարցին, թե մյուս կողմի երիտասարդները ե՞ւս ԵՊՀ ուսանողներ են, Ա. Սիմոնյանն արձագանքեց. «Մյուս կողմի ներկայացուցիչները փախած են, չկան եւ մեղավոր մարդկանց շրջանակը դեռ չի երեւում: Իսկ Սարգիսը մինչեւ չարթնանա չեն կարող հասկանալ, թե ինչն է եղել պատճառը»:

Իսկ աղջիկը, ում պատճառով կռիվ է եղել, ԵՊՀ-ի ուսանողուհի՞ է, հարցին էլ պատասխանեց. «Դա ընդամենը վարկած է, որը դեռ չեմ կարող հաստատ պնդել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի պետական համալսարանի ուսանող, 21-ամյա Սարգիս Նազարեթյանը կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել: NEWS.am-ի այս տեղեկությունը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել էր նաեւ Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով, հիվանդանոցից ժամը 14.10-ին ոտիկանության Նորք-Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել որովայնի շրջանում կտրած-ծակած վերքով մի երիտասարդ: Իսկ միջադեպի պատճառներին վերաբերող հարցերին ի պատասխան, Մալխասյանը նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից եւս հաստատեցին, որ ներկա պահին տուժածները 2 են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ