News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին եւ Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրյոցին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով:

Կառավարության ղեկավարը ողջունել է հյուրերին` նշելով. «Ուրախ ենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը միջազգային համագործակցության ներքո Բավարիայի դատախազության հետ ստեղծել է այսպիսի կապեր: Մենք շահագրգռված ենք դրանում, որովհետեւ Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ, այդ թվում նաեւ` իրավապահ մարմինների, դատախազության ոլորտում, եւ միջազգային փորձի ուսումնասիրությունն ու համագործակցությունը մեզ համար խիստ կարեւոր է: Ձեր այցելությունը Հայաստան եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մեր դատախազության գործընկերները կարողանան նոր կապեր հաստատել եւ ուսումնասիրել ձեր փորձը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դոկտոր Քրիստոֆ Շթրյոցը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ծանոթացել են մեր երկրի դատաիրավական համակարգում իրականացվող ծրագրերին ու բարեփոխումներին, ապա այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են դատախազների եւ դատավորների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Դոկտոր Հելմուտ Փալդերն ընդգծել է, որ իր երկրում հաջողությունների գրավականը կադրային ճիշտ ընտրությունն է եւ լիարժեք կրթության ապահովումը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը կարեւորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը: Բավարիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել աջակցելու եւ իրենց փորձը փոխանցելու մեր երիտասարդ մասնագետներին:

Բավարիայի իրավապահ մարմինների պատվիրակությունը Գերմանիա կվերադառնա ապրիլի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ