News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպման ժամանակ խոսել է գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերի մասին: Նա կարեւորել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի ու մեխանիզմների մատակարարման կատարելագործման, սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացման եւ ընթացակարգերի սահմանման, ցածր տոկոսադրույքով վարկերի եւ մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրման մասին:

«Սերմնաբուծության զարգացման ծրագիրը նույնպես շարունակական է լինելու»,-նշել է նախարարը` անդրադառնալով «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրին, որի նպատակը հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացումն ու ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումն է: Ներկայացվել է  հանրապետության 3 մարզերում (Վայոց ձորի, Արագածոտնի եւ Տավուշի) իրականացվող «Հայկական միրգ» ծրագիրը, որը ինտենսիվ այգեգործության եւ պտղաբուծության զարգացման կարեւոր խթաններից է լինելու մեզանում:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ցուցանիշներին, նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու անհանգստացնող իրողությունների վրա` վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշը ամենացածրն է հանրապետությունում` ընդամենը 27.8 տոկոս եւ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 300 գլխով նվազել է այծերի գլխաքանակը մարզում, այն դեպքում երբ գնալով այծաբուծական մթերքների պահանջարկը մեզանում մեծանում է:

«Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարեւոր այս ցուցանիշների բարելավման եւ վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին»,- նշել է նա:

Տպել
Ամենաշատ