News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորականների միությունը լքել է ոչ թե 70, այլ մոտ 25 անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միության ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի խորհրդական  Վարդան Վարդանյանը` հավելելով, որ այդ 70 անդամից մոտ 40-ը չի էլ իմացել, որ այդպիսի նամակ է գրվել եւ նրանց փոխարեն ստորագրվել, մի քանիսն ավելի քան 10 տարի է բացակայում են Հայաստանից եւ այլն:

Իսկ այդ 25 անձանց` ԵԿՄ լքելը, նրա խոսքով,  պայմանավորված է ԵԿՄ Կենտրոն տարածքային կազմակերպության կառույցի ղեկավար Էդիկ Գյումրյանի պաշտոնանկությամբ, ոչ թե ԵԿՄ-ի քաղաքականացման հանգամանքով, ինչպես նրանք են նշել:  «Կենտրոն կառույցի փոփոխությունից հետո է դա եղել, Կենտրոն կառույցը բացասական գնահատական է ստացել, լավ չի աշխատել, ֆինանսական չարաշահումներ են եղել, փոխել են կառույցի ղեկավարին, այդտեղից է պրոցեսն սկսել,  քաղաքական որեւէ խնդիր չկա»,- նշեց նա:

Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ նրա հեռացումից հետո կառույցն սկսել է նորմալ աշխատել, 60 հոգանոց կառույցն այժմ ունի ավելի քան 200 անդամ եւ բոլորը ազատամարտի մասնակիցներ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երկրապահ կամավորականների միության 70 անդամներ լքել են կազմակերպությունը` դա պատճառաբանելով ԵԿՄ-ի քաղաքականացման հանգամանքով: Նրանք նամակ են հղել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որում մասնավորապես ասված է. «Այսօր իրականացվող կադրային քաղաքականության արդյունքում ԵԿՄ-ին անդամագրվում են անհատներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր, Երկրապահների, անցած ուղու հետ, ավելին բացի քաղաքական խարդավանքների եւ դավադրությունների, սեփական կազմակերպություններին եւ սկզբունքներին դավաճանելուց, մեր երկիրը առեւտրային սեղանիկ տեսնելուց, մեզ փնովելուց եւ վարքաբեկելուց, իրենց մարտական հեքիաթասած ուղին պատմելուց, վերջին 15 տարում ոչնչով չեն զբաղվել: Ելնելով վերոնշյալից, լինելով առավել քան իրատեսական, ցանկություն չունենալով, որեւէ կերպ օժանդակել ԵԿՄ-ի պառակտմանը կամ հզորության կորստին, հոգու խորքում մնալով երկրապահ ցավով պետք է նշենք, որ ստիպված ենք կասեցնել մեր անդամակցությունը ԵԿՄ շարքերին, մինչեւ առաջացած խնդրի արդարացի, երկրապահին հարիր լուծում ստանալը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԿՄ Կենտրոն տարածքային կազմակերպության շուրջ 50 անդամներ պատրաստվում են հանձնել իրենց վկայականները եւ դուրս գալ ԵԿՄ-ից: ԵԿՄ-ից դուրս գալու որոշման պատճառը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից փոխանցված մեսիջն է եղել, որի համաձայն նա հրամայել է` կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացնել 4 ամիս առաջ ղեկավար ընտրված Էդիկ Գյումրյանին (նա շարունակում է իր հոր` Արտաշես Գյումրյանի աշխատանքը) եւ այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակել Ռոբերտ Նազարեթյանին: Այս որոշումը դուր չի եկել երկրապահներին եւ նրանք քննարկում են կազմակերպությունից հեռանալու հարցը:

Տպել
Ամենաշատ