News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ը լույսի պես մաքուր կուսակցություն է, մենք այս երկրում ոչ արյան հետ կապ ունենք, ոչ գողության, ոչ կողոպուտի: Այս մասին, այսօր` ապրիլի 3-ին, հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` Վանաձոր այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում: «ՕԵԿ-ը 11 մեծամասնականով թեկնածու է առաջադրել եւ ունի շատ համախոհներ»,-ասել է նա, հավելելով. «Չափազանց կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի իր պատասխանատվությունը Հայաստանն ավելի առաջ տանելու համար, որովհետեւ այսօր մեր երկրում կուտակված են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, ժողովուրդը բազմաթիվ խնդիրների տակ է եւ չափազանց կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնի պայքարի իր մոտեցումները, իր մարատավարություններն ու ծրագրերը»:

«Ժողովուրդը պետք է գիտակցի ու իր ձայնը չվաճառի մի քանի հազար դրամով, այն մարդիկ, ովքեր այդպես են անում, պետք է գիտակցեն, որ շարունակելու են վատ ապրել այնքան, քանի դեռ չեն գիտակցել համոզմունքով, խղճով քվեարկելու անհրաժեշտությունը, որովհետեւ այդ մի քանի հազար դրամը տալիս են 2000 օրվա դիմաց, որը օրական մի լումա է կազմում, բայց արդյունքում երկրում բարձրանում են գները»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք սա քարոզարշավ չէ՞, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք մեր կուսակցականներին եւ համախոհներին, թե ինչ ծրագրով ենք գնալու ընտրություններին, եւ դա  որեւէ առնչություն չունի նախընտրական քարոզարշավի բուն մեկնարկի հետ»:

Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ըստ որոնց տարբեր բնակավայրերում ՕԵԿ-ը բնակիչներին տարբեր տեսակի նվերներ է բաժանում, այդ թվում մուրաբա: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պնդել էր, որ դա ոչ թե ընտրակաշառք է այլ նվեր կանանց` նրանց միամսյակի առթիվ:

Տպել
Ամենաշատ