News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Եվրանեսթ» -ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը Բաքվում փայլուն աշխատանք է կատարել` ցուցաբերելով աննախադեպ համախմբվածություն: Այս մասին Բաքվից NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ,  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` սա աննախադեպ դեպք էր, երբ Հայաստանի խորհրդարանում ներկայացված տարբեր` թե ընդդիմադիր, թե կառավարող կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչները միասնություն դրսեւորեցին` հանուն մեկ նպատակի:

«Ես շատ բարձր եմ գնահատում պատվիրակության բոլոր անդամների աշխատանքը»,- հայտարարեց Զոհրաբյանը` ընդգծելով, որ հենց Բաքվում այդ միասնության անհրաժեշտությունն ավելի շատ էր զգացվում:

Այնուհետեւ Ն. Զոհրաբյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ելույթին` «Եվրանեսթ»-ի ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը` նշելով, որ նման խոսք պարզպես չպետք է հնչեր: «Դժվար էր ենթադրել, որ ադրբեջանական կողմը կհրաժարվի նման հարթակն օգտագործելուց, բայց նախագահ Ալիեւի ոչ կոռեկտ խոսքը բացարձակապես տեղին չէր:  Նա խոսեց մոտ 50 րոպե` սկսելով գովել Ադրբեջանի ձեռքբերումները, իսկ հետո անցավ ադրբեջանական կողմի սիրած երգին` «Ադրբեջանի  20%  գրավված տարածքների եւ անհաշիվ փախստականների մասին» եւ այլն: Ավելին, նա հայերին անվանեց ֆաշիստներ` հայտարարելով, որ հայերը պղծել են ադրբեջանցիների շիրիմները, իսկ «Ղարաբաղ» բառն էլ ադրբեջանական ծագում ունի»,-պատմեց պատգամավորը: Նրա խոսքով` Ալիեւի ելույթից շատ եվրոպացի պատգամավորներ պարզապես շոկի մեջ էին:

Դրանից հետո հանդես են եկել Հայաստանի պատվիրակության անդամները, բաց նամակ է տարածվել Վեհաժողովի մասնակիցների շրջանում: «Իմ ելույթում ես մասնավորապես ասացի, որ «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն, առհասարակ, ծառայում է  տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանը, իսկ Ալիեւը, իր նման ելույթով, հակառակը, խորացնում է դրանք:  Ես մատնանշեցի նրա  որոշ արտահայտություններ եւ դիմեցի «Եվրանեսթի» ղեկվարությանը` ընդգծելով, որ նման ելույթն անընդունելի է»,-ասաց Ն. Զոհրաբյանը` նշելով, որ  Հայաստանի պատվիրակության մյուս անդամները եւս արժանի պատասխան տվեցին:

Ն. Զոհրաբյանը վերջում նշեց, որ հայկական պատվիրակությունը չի պատրաստվում բոյկոտել «Եվրանեսթի» աշխատանքները: «Վաղը կկայանա լիագումար նիստի երկրորդ մասը, որը կտեւի 1-2 ժամ:  Հիմնական բանաձեւերը քննարկվել եւ ընդունվել են այսօր: Բայց ասեմ, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի անունից տրված ընթրիքին: Մենք չենք մասնակցում այն միջոցառումներին, որոնք կազմակերպվում են հենց Ադրբեջանի կողմից»,-հայտարարեց նա` միաժամնակ նշելով, որ վաղվա լիագումար նիստին մասնակցելու են:

Ավելացնենք, որ հայկական պատվիրակությունն ապրիլի 4-ին Բաքվից կուղեւորվի Մոսկվա, իսկ այնտեղից` Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ