Երեւանյան մետրոյով 2011թ-ին ուղեւորափոխադրումների նվազման պատճառը երկրում դիմորդների բացակայությունն է: Այս մասին հայտնեցին Երեւանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից` ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման: Հենց ուսանողներն են մետրոյի հիմնական ուղեւորները: Նշենք, որ դիմորդների բացակայությունը պայմանավորված էր 12-ամյա կրթական համակարգի անցումով:

Վիճակագրական տվյալների համաձայն` 2011թ. մետրոպոլիտենը փոխադրել է մոտ 17 մլն ուղեւոր, ինչը մոտ 14%-ով ավելի քիչ է, քան  2010թ-ին: Մետրոպոլիտենը փոխադրում է մայրաքաղաքների ուղեւորների 7% -ին:  Ընդ որում, մետրոպոլիտենին հաջողվել է մուտքերի 33% աճ ապահովել` 2011թ. հուլիսի 1-ին ուղեւորավարձը 50-ից դարձնելով 100 դրամ:

Այստեղ ավելորդ չէ նշել, որ նախկինում ուսանողների հետ միասին մետրոպոլիտենը փոխադրում էր նաեւ տասնյակ հազարավոր աշխատավորների դեպի  «Գործարանային» կայարան` քաղաքի հարավային մասում գտնվող արդյունաբերական գոտի: Հիմա այդ կայարանի կառամատույցը գրեթե կիսադատարակ է լինում: Եւս մեկ ուղղություն վերջին` «Բարեկամություն» կայարանից պետք է շարունակվեր մինչեւ ԵրԱզ գործարան, սակայն այսօր այդ վայրում էլիտար բնակելի համալիր է: Այսպիսով,  հիմնական ուղեւորներն իսկապես մնացել են ուսանողները, ուստի ամռանը ուղեւորափոխադրումը նկատելիորեն նվազում է:

Ինչպես ճշգրտման կարգով նշեցին Երևանի մետրոպոլիտենում` «Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի» I-ին փուլը վավերացվել է 2010-ին, ըստ որի 5 մլն եվրո վարկ տրամադրել է ՎԶԵԲ-ը, 5 մլն – Եվրոպական ներդրումային բանկը և 5 մլն դրամաշնորհ` Եվրոպական հարևոնության ներդրումային ծրագիրը: I-ին փուլն ընթացքում է և ուղղված է բացառապես մետրոպոլիտենում անվտանգ շահագործման խնդիրnերը կարգավորելուն, այսինքն` թարմացվում են ծայրահեղ հնամաշ բաղադրիչները:

Ընդ որում, ՎԶԵԲ-ն իր միջոցների հաշվին` վարկաիյն ծրագրից դուրս, վարձել է միջազգային որակավորում ունեցող տեխնիկական խորհրդատու, որը և կիրագործի II-րդ փուլով նախատեսված` դրենաժային թունելի իրագործելիության ուսումնասիրությունը: Թունելը նախատեսված է «Զորավար Անդրանիկ» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններից ստորգետնյա ջրահեռացման համար: II-րդ փուլի համաձայնագրերը կստորագրվեն միայն ուսումնասիրության ավարտից հետո:

Ինչ վերաբերում է Երեւանի մետրոպոլիտենի, Ասիական զարգացման բանկի եւ Էկոնոմիկայի նախարարության միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ եռակողմ հուշագրին,  ապա ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: Հուշագրի շրջանակում  ենթադրվում էր Աջափնյակում երկու կայարանի եւ «Երիտասարդական» կայարանի համար նոր մուտքի կառուցում:  Ինչպես նշվել էր ավելի վաղ, նախագծի մասշտաբը ենթադրում է արտաբյուջետային ֆինանսավորման ներգրավում:

Նշենք, որ Երեւանի մետրոպոլիտենի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը