Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ակնկալում է 15- 17 տոկոս ձայն հավաքել: Այդ մասին  ապրիլի 9 -ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ ապրիլի 15-ից ՀԿԿ-ն կսկսի ընտրողների հետ հանդիպումները:

Ռուբեն Թովմասյանի խոսքով` վստահությունը, որ ՀԿԿ-ն կկարողանա ձայների նման զգալի քանակ հավաքել, պայմանավորված է նրանով, որ  «երկրում 1 մլն 300 հազար չքավոր կա, որոնք չեն մոռացել կոմունիստական ժամանակները»: Արդեն հիմա, Թովմասյանի խոսքով, ՀԿԿ-ի անդամները  մարզերում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ: Նա նշել է Գավառի ուշագրավ դեպքը, երբ ՀԿԿ-ի տեղական ներկայացուցիչը իրեն խնդրել է նոր կարգախոս հորինել, եւ հենց ինքն էլ առաջարկել է իր տարբերակը` «Ընտրիր եւ փնտրիր»` նկատի ունենալով այն, որ որոշ պատգամավորներ ընտրվելուց հետո չեն երեւում խորհրդարանում եւ չեն հանդիպում ընտրողների հետ:

 Խոսելով կուսակցությունների քարոզչական տեսահոլովակների մասին` Թովմասյանը նշել է, որ դրանց հիմնական  բովանդակությունը վերցված է ՀԿԿ-ից, այն է` սոցիալական թեման: Ամենից շատ Թովմասյանին զարմացնում է այն, որ այդ թեման օգտագործում են այն կուսակցությունները, որոնց ժամանակ քաղաքացիների սոցիալական կացությունը կտրուկ վատացել է:  Այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե ՀԿԿ-ն խորհրդարան չանցնի, Թովմասյանը պատասխանել է.  «Չնեղանաք, բայց ես հետեւյալ օրինակը կբերեմ: Ագռավին հարցնում են` ճիշտ է, որ դու 300 տարի ես ապրում: Նա պատասխանում է. Եթե չկռաք, ապա կապրեմ: Ժողովուրդը շատ բան կկորցնի, քանի որ խորհրդարանում կլինեն միայն կլանային համակարգին աջակցող ուժեր»:

Խոսելով ՀԿԿ-ի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին` նա նշել է, որ, ելնելով Կոմկուսի ֆինանսական ծանր կացությունից, նրան օգնել են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ միջոցների հավաք է կազմակերպվել: