«Կանաչաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ ապրիլի 22-ը կնշվի որպես Առանց մեքենայի օր՝ Երկրագնդի օրվա կապակցությամբ: Ժամը 14:00-ից «Կանաչաստան» ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում, Շահումյանի հրապարակի հարեւանությամբ եւ հարակից այգում Մանկական այգում: 

Առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում՝ առանց աղմուկի, սթրեսի եւ մեքենաների: Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երեւանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբ ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթեւեկությունը եւ մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց՝ զբոսնելու, վազելու, խաղալու եւ վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:

«Կանաչաստան» ՀԿ-ն եւ աջակից բնապահպան խմբերը հրավիրում են բոլորին այդ գարնանային գեղեցիկ օրը քաղաքում միասին անցկացնելու:  Միջոցառման ընթացքում նախատեսվում են բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն եւ խաղեր: Ցանկացողները կարող են բերել եւ վարել իրենց հեծանիվներն ու անվավոր չմուշկերը: Այցելուները կծանոթանան նաեւ հեծանվային ճանապարհային նշաններին եւ երթեւեկության կանոններին: Նախաձեռնությանն օժանդակում են Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայստանյան ներկայացչությունը, ԱՄՆՄԶԳ-ն, ԵԱՀԿ-ն եւ Երեւանի Քաղաքապետարանը:

«Առանց մեքենայի օր նախաձեռնության նպատակ է խթանել առողջ ապրելակերպը եւ հեծանվային մշակույթ ձեւավորել քաղաքում: Հեծանվային տրանսպորտն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջապահական եւ սոցիալ-տնտեսական նշանակություն եւ կարող է լիարժեք տրանսպորտային միջոց դառնալ մեր քաղաքում: Ուրախությամբ սպասում ենք մեր քաղաքի բնակիչների եւ հյուրերի ակտիվ մասնակցությանը Առանց մեքենայի օրվա միջոցառումներին», - նշում է Կանաչաստան ՀԿ-ի տնօրեն Տիգրան Ճորոխյանը: