Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 22-ին Երեւանի քաղաքապետարանում մասնակցել է «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը եւ այդ առիթով Երեւանի քաղաքապետի պաշտոնական ընդունելությանը:

Ծրագրի բացման արարողության ժամանակ Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ելույթով:

«Աննախադեպ ու գեղեցիկ տոն է սկիզբ առել հինավուրց հայկական հողում: Մեր ողջ պատմության վկա բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած եւ շուրջ 2800-ամյա կենսագրություն ունեցող Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Գրավաճառների միջազգային դաշնության, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի եւ Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնության ընտրությամբ 2012 թվականին հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Խորհրդանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Հինգհարյուրամյա տպագրություն ունեցող ժողովրդի համար սա մեծագույն հպարտություն է, համաշխարհային մշակույթին մատուցած ծառայությունների գնահատական»:

Նախագահը հիշեցրել է, որ Հակոբ Մեղապարտի ջանքերով 1512 թվականին հեռավոր Վենետիկում լույս տեսավ «Ուրբաթագիրքը»-ը, եւս 4 հայերեն տպագիր գրքեր:

«Աշխարհի ամենատարբեր քաղաքներում շուրջ երկու հարյուր տարի դեգերումներից հետո, 1771 թվականին հայ տպագրությունը հաստատվեց հայրենիքում, Էջմիածնում հիմնադրվեց Հայաստանում առաջին տպարանը եւ տպագրվեց առաջին գիրքը` «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգեւոր»:

Մեր ոսկեղենիկ մայրենիի, գրի եւ գրչության հանդեպ ակնածալից սերը հայ ժողովրդին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում, նույնիսկ, երբ թվացել է, թե այլեւս անհնար է անգամ այդ մասին մտածել: Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները` վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի` միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյաններն ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը: Բայց ամեն անգամ հայ մարդը ոչ միայն փրկել է դրանց բեկորները, այլեւ արարչական մի զորությամբ նոր մատյաններ է գրել ու ծաղկել` ներքին այն համոզմամբ, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու եւ իմաստավորելու ժամանակը»,- արձանագրել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ այստեղ են աշխարհի շուրջ երեսուն երկրներից ժամանած ավելի քան հիսուն բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Բուենոս-Այրեսից, որ էստաֆետը հանձնում է Երեւանին, եւ Բանգկոկից, որ պետք է ստանձնի այդ իրավունքներն ու պարտականությունները 2013 թվականին:

«Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքի խորհրդանիշը ստանում է Հայոց ցեղասպանության իննսունյոթերորդ տարելիցի նախօրյակին: Սա եւս մեկ հավաստումն է այն բանի, որ անհնար է սպանել ոգին եւ ժողովրդի հավաքական միտքը: Պակաս խորհրդանշական չէ այն փաստը, որ Երեւանն այս էստաֆետն ընդունում է Բուենոս-Այրեսից, որտեղ Մեծ եղեռնից հետո մեր հազարավոր հայրենակիցներ փրկության ափ դուրս եկան»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. «Հիշարժան այս օրերին, նաեւ ողջ տարվա ընթացքում, մայրաքաղաքում, հանրապետության քաղաքներում եւ շատ այլ համայնքներում բազմաթիվ մշակութային իրադարձություններ են սպասվում: Դրանք մեկ գլխավոր նպատակ ունեն. եւս մեկ անգամ կարեւորել գրքի դերը մեր կյանքում, եւս մեկ անգամ աշխարհի քարտեզին մեր տեղը եւ էությունը ցույց տալ, կրկին փաստել, որ մենք ոգու ժողովուրդ ենք եւ գիտենք գնահատել, պահպանել ու հարստացնել ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային ու համամարդկային հոգեւոր մշակութային ժառանգությունը, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, նրա լինելիության գլխավոր նախապայմանը»: