Թուրքիայի նախկին նախագահ, 1993-ին կասկածելի պայմաններում մահացած Թուրգութ Օզալը ժամանակին փորձ է արել լուծել Հայոց ցեղասպանության խնդիրը: Այս մասին թուրքական Aksiyon-ին պատմել են  ժամանակին Թուրգութ Օզալի հետ աշխատած պետական պաշտոնյաները։

Թուրքիայի 8-րդ նախագահը Հայոց ցեղասպանության խնդրի լուծման ճանապարհների փնտրտուքների ընթացքում ստեղծել է աշխատանքային խումբ եւ պահանջել ուսումնասիրել արխիվներն ու գրավոր զեկույց պատրաստել, որից հետո հրահանգել է ուսումնասիրել վարչապետարանի եւ Թուրքիայի պատմագիտական խորհրդի արխիվները, իսկ ավելի ուշ մասնագետներ ուղարկել ԱՄՆ-ի, Անգլիայի, Ռուսաստանի եւ գերմանիայի արխիվներում աշխատելու համար։

Վարչապետի այն ժամանակվա գլխավոր խորհրդական Հասան Ջելալ Գյուզելը հաստատել է, որ Օզալը Հայկական հարցը լուծելու նախաձեռնություն է սկսել, որն անհանգստություն է պատճառել իշխանություններին, Ազգային անվտանգության խորհրդում այս առթիվ լուրջ անհանգստություն էին հայտնել զինվորականները, ովքեր ամեն կերպ խոչընդոտում էին 1915-ի վերաբերյալ արխիվներում ուսումնասիրությունների իրականացմանը:

Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Նուզհեթ Քանդեմիրը նշել է, թե Թուգութ Օզալն ամեն անգամ ԱՄՆ այցելելու ժամանակ հանդիպել է Հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, ուշադիր լսել եւ նրանց հրավիրել Թուրքիա: 1991-ին մի նման հանդիպումից հետո Օզալը կիսվել է թուրք պաշտոնյաների հետ. «Նրանք ուզում են, որ մենք ճանաչենք Ցեղասպանությունը: Եթե ճանաչենք, ինչքա՞ն է լինելու դրա գինը»: Օզալը շատ է ցանկացել, որ այս հարցերը հասարակության մեջ բարձրացվեին եւ քննարկվեին:

Նշվում է, որ Օզալը Սփյուռքի հայերի հետ հարաբերությունները կարգավորելու համար ցանկացել է Վանում հայերին անվճար հող հատկացնել, սակայն այդ նախաձեռնությունը եւս խիստ բացասաբար է ընդունվել եւ այն առաջ չի գնացել:

Նշենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել:  «Մահից 1 օր առաջ ամուսինս Բուլղարիայի դեսպանատանը մասնակցել է ընդունելության, որտեղ նրան լիմոնադ են հյուրասիրել, քանի որ իմացել են, որ նա ալկոհոլ չի խմում։ Օզալը լիմոնադ չէր սիրում, սակայն քաղաքավարությունից ելնելով խմել է։ Հաջորդ օրը սովորականի պես դուրս եկանք զբոսնելու, սակայն նա վատացավ եւ ընկավ, բերանից սպիտակ փրփուր դուրս եկավ։ Նախագահական պալատում բժիշկ չկար, սպասավորները ծառայողական մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց»,-նշել է Օզալի կինը։