Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի ղեկավարությունը 97 տորի առաջ հայերի ոչնչացման պլան մշակեց եւ այն իրագործեց:

Այս մասին, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Ես խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի առջեւ եւ իմ ցավակցություններն եմ հայտնում զոհերի ժառանգներին»,-ասել է նա, ընդգծելով, որ պատմական արդարությունը պետք է հաղթանակի:

«Այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է եւ պետք է իր մեջ ուժ գտնի ու ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը»,-նշել է Հասանովը, հավելելով, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ ոչ մի ուրիշ բան:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի քաղաքացիական հասարակության վերաբերմունքը 1915-ի իրադարձություններին, Հայաստանի քրդերի ղեկավարն ասաց, որ թուրք հասարակության աննշան մասն է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն դա բավարար չէ: